Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն չի բացառում նախագահի հրաժարականը պահանջելու հնարավորությունը


Եթե մոսկովյան բանակցությունների արդյունքում Սերժ Սարգսյանը ստորագրի «մարդրիդյան սկզբունքները» պարունակող փաստաթուղթը, ապա, ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստանյանը, չի բացառվում, որ ՀՅԴ-ն բարձրացնի նախագահի հրաժարականի պահանջ:

«Փաստաթուղթը եթե, Աստված մի արասցե, ստորագրվեց, բնականաբար, մեր հաստատումները արդեն կփոխեն իրենց բնույթը եւ ընդհանրապես մեր պայքարը կստանա այլ բնույթ եւ եղանակ», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: - «Բազմիցս ասել ենք՝ ով էլ լինի օրվա գործող նախագահը, մենք նման քաղաքականությանը դեմ ենք լինելու եւ դեմ ենք լինելու բոլոր հնարավոր միջոցներով: Նկատի ունեմ քաղաքակիրթ պայքարի բոլոր միջոցները: Քաղաքակիրթ պայքարի միջոցների մեջ մտնում է հրաժարականի պահանջ, սահմանադրական այլ եղանակներ: Ընդհանուր ճակատ ստեղծելու խնդիրն է այսօր ամենակարեւորը»:

Նույն դիրքորոշումն է որդեգրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը այսօր հիշեցրեց, որ «ժառանգություն»-ը հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», իրենք կպահանջեն նախագահի հրաժարականը:

«Մենք ենք առաջինը դա ասել», - լրագրողներին ասաց նա՝ շարունակելով. - «Ուրախ եմ, որ այդ հողի վրա մենք կարող ենք համագործակցել այդպիսի հին ու կայացած քաղաքական ուժի հետ, ինչպիսին է Դաշնակցությունը»:

Արմեն Ռուստամյանը ասուլիսում անդրադարձավ նաեւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականի՝ Դաշնակցության արդեն բարձրաձայնած պահանջին: Նա ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը, ուր, մասնավորապես, ասված է. - «Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով, պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը»:

Ի պատասխան հարցին, թե ինչու են պահանջում արտգործնախարարի հրաժարականը այն դեպքում, երբ արտաքին քաղաքականության որոշողը նախագահն է, Ռուստամյանը ասաց, թե ՀՅԴ-ն չի ցանկանում «ընդհանրապես խափանել աշխատանքները» եւ նպատակ ունի «կտրուկ փոփոխություն մտցնել իրավիճակի մեջ». - «Նախագահը, այո, դեռ ունի հնարավորություն իրավիճակի մեջ կտրուկ բեկում մտցնելու, եւ, ամենակարեւորը՝ չստորագրելու այն փաստաթուղթը, որն այսօր առաջարկվում է»:

Ռուստամյանը տեղեկացրեց նաեւ, որ, հայտարարությունից զատ, իրենք նաեւ նամակ են պատրաստել Հայաստանում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպաններին. - «Նամակով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դեսպաններին է հայտնում համայն աշխարհի հայության խորին հիասթափությունը Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ Հայաստանի վրա չարդարացված եւ անհիմն ճնշման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի եւ վտանգավոր զիջումներ պարտադրելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG