Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյան
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյան
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել` դա պայմանավորելով այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաեւ անձնական բնույթի պատճառներով:

«Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել», - «Ֆեյսբուք»-ի իր պատին գրել է Կարապետյանը:

Քաղաքապետը նաեւ ներողամտություն է հայցել անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաեւ այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ «ուներ երկրի բարձրագույն իշխանությունը եւ հանրությունը իր պաշտոնավարման հետ կապված»:

Հրաժարական տալու մտադրության մասին ավելի վաղ Կարեն Կարապետյանը խոսել էր այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` կրկին հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե իր հրաժարականի պատճառը քաղաքական է:

Մամուլում այսօր կրկին վարկածներ հայտնվեցին քաղաքապետի հրաժարականի դրդապատճառների մասին, մասնավորապես, այն, որ Կարապետյանին առաջարկվել է ղեկավարել Հանրապետականի նախընտրական քաղաքային շտաբը, սակայն նա մերժել է այս առաջարկը: Մինչդեռ Կարեն Կարապետյանն այսօր հերքեց բոլոր այս վարկածները` ասելով, որ այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել իր հրաժարականի համար, կանխատեսելի չէին մեկ տարի առաջ:

«Որեւիցե ներիշխանական, ներքաղաքական տարաձայնությունների բնույթ չի կրում իմ հրաժարականը: Ավելին` այն վստահությունը, որ ցուցադրվում էր եւ հանրապետության նախագահի կողմից, եւ կուսակցության կողմից, եղել է անսահման», - ասաց Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ երկրի նախագահի հետ քննարկել է իր հրաժարականի հարցը, եւ նախագահը հարգել է իր որոշումը:

«Ես շատ եմ հարգում հանրապետության նախագահին, եւ իրականում իմ կայացման մեջ ինքը ֆանտաստիկ մեծ դեր է ունեցել, եւ ես փորձել եմ մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը դեռ չի նշանակում թիմից դուրս գալ», - ասաց Կարապետյանը:

Նա նաեւ «աբսուրդ» որակեց մամուլի այն տեղեկությունները, թե աշխատանքի ընթացքում որոշակի խնդիրներ է ունեցել նախագահի աշխատակազմի հետ:

«Նախագահականի թիմի հետ շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենք», - ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական ապագայում քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, Կարապետյանն ասաց. - «Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն երբեք չեմ ունեցել, հետեւաբար վերադառնալ բառը կոռեկտ չէ, որովհետեւ ես այդ դաշտում չկամ»:

Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց մոտ մեկ տարի առաջ, իսկ թե առաջիկայում ինչ աշխատանքի է անցնելու, եւ թե արդյո՞ք ճիշտ է, որ այդ աշխատանքը Ռուսաստանում է լինելու, Կարեն Կարապետյանն ասաց` դա էական չէ, բայց հավանական է:

Հարցին, թե ո՞վ կարող է լինել Երեւանի հաջորդ քաղաքապետը, եւ արդյո՞ք այդ հարցը քննարկել է նախագահի հետ, Կարապետյանը պատասխանեց, թե ինքը դա քննարկելու իրավունք չունի, քանի որ դա ավագանու եւ նախագահի որոշումն է:

Ուշագրավ է, որ չնայած քաղաքապետի այս հայտարարությանը, ավագանու անդամները անգամ այսօր տեղյակ չէին Կարապետյանի` հրաժարական ներկայացնելու մտադրության մասին: Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ իրենք առայսօր Կարեն Կարապետյանից հրաժարականի մասին դիմում չեն ստացել: Իսկ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը ասել էր, որ նման բան գոյություն չունի:

«Նման բան չկա, ոչ մի փոփոխություն, ոչ մի ցնցում չկա, ոչ մի նման արտառոց իրավիճակ չկա քաղաքապետարանի շենքի ներսում: Եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, բոլորս տեղյակ կլինենք, ինձ թվում է` կլինի ավագանու արտահերթ նիստ, որում կհրապարակվի այդ ամենը: Նման բանից մենք ոչ տեղյակ ենք, ոչ էլ գիտենք», - ասաց Գասպարյանը` հավելելով, որ արտահերթ նիստի մասին տեղեկություն եւս չունի:

Այսօր այդպես էլ ավագանու արտահերթ նիստ տեղի չունեցավ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո ո՞վ կլինի քաղաքապետի հաջորդ թեկնածուն, առայժմ պարզ չէ: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում մեծամասնություն կազմող Հանրապետականին: Ներկայումս առավել հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ի դեպ, քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները այսօրվանից ստանձնել է հենց Տարոն Մարգարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքապետի հրաժարականի շուրջ քաղաքական ուժերի գնահատականներին, ապա իշխող Հանրապետականը առայժմ չի շտապում որեւէ արձագանք տալ: Հարապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե քաղաքապետը արդեն սպառիչ պատասխան է տվել:

Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ նշեց, որ քաղաքապետը ձախողվել է իր պաշտոնում, «չնայած որ ով էլ լիներ այս վարչախմբի օրոք, նույն արդյունքն էր լինելու, քանի որ խնդիրը համակարգային է»: ՀԱԿ-ի խոսնակի համոզմամբ` քաղաքապետի հրաժարականը ցույց է տալիս վարչախմբի ներսում էական հակասությունների առկայությունը, որն այլեւս հնարավոր չէ քողարկել:

«Վարչախումբը ներքին լուրջ ցնցումներ է ապրում, եւ սա չի կարող իր հետեւանքները չունենալ, եւ սա, վստահ եմ, ոչ առաջինը կլինի, ոչ վերջին ապացույցը այն բանի, որ վարչախումբը ծանր օրեր է ապրում: Ես մի բան կարող եմ ասել, որ անձնական պատճառներով քաղաքապետի պաշտոն չեն լքում», - ասաց Մուսինյանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG