Մատչելիության հղումներ

Քառյակը վարչապետի հրաժարականը համարում է իր գործունեության արդյունքը


Քառյակը վարչապետի հրաժարականը համարում է իր գործունեության արդյունքը
please wait

No media source currently available

0:00 0:05:58 0:00

Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ վարչապետի հրաժարականը իրենց համատեղ գործունեության արդյունքն է:

«Բարգավաճ Հայաստանը» խնդիր չի դրել, որ ապագա վարչապետը լինի ԲՀԿ-ից, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում փոխանցեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Մենք հայտարարել ենք, որ ունենք քառյակի կողմից մշակված միասնական տեսակետներ՝ ինչպիսին ենք տեսնում ապագա կառավարության գործունեությունը, մենք այդ շրջանակներում ենք նայելու»,- ասաց Մարգարյանը՝ կարծիք հայտնելով, որ «ճիշտը վարչապետի միասնական թեկնածուն է».- «Մենք հետևելու ենք մեր ասած պայմաններին, որ կառավարությունը պիտի չլինի նույն գործելաոճով, նույն ծրագրով, որովհետև ինչ տարբերություն Տիգրան Սարգսյանն է, թե մեկ ուրիշն է»։

«Եթե նույն ծրագրով հանրապետական վարչապետ նշանակվի, մենք շարունակում ենք այն, ինչ հայտարարել ենք»,- ասաց Մարգարյանը։

Այսպիսով՝ Ստեփան Մարգարյանը հայտարարում է, թե խնդիր չեն դնում, որ նոր վարչապետը ԲՀԿ-ից լինի, բայց նաև ընդգծում են, որ իրենց համար անընդունելի է, որ նոր վարչապետը կրկին լինի Հանրապետականից և գործի նույն ծրագրով։

Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ: Մամուլը գրել է, որ այսօր արդեն իսկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք նման հանդիպում եղե՞լ է, խորհուրդ տվեց այդ հարցի պատասխանը ստանալ ԲՀԿ-ից: ԲՀԿ-ն, սակայն, նույնպես որևէ տեղեկություն Ծառուկյան-Սարգսյանի հանդիպման մասին չի տալիս: Փոխարենը հաստատվեց, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Թերևս այս հանդիպումը նույնպես գաղտնի կպահվեր, եթե լրագրողների տեսախցիկները պատահաբար չֆիքսեին, թե ինչպես է Ծառուկյանը խորհրդարանական այգում զրուցում ԲՀԿ պատգամավորների հետ:

Ավելի ուշ Ազգային ժողովի տեղեկատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատեց, որ տեղի ունեցել Ծառուկյան-Աբրահամյան հանդիպումը՝ չմանրամասնելով, թե ինչ հարցեր են քննարկվել: ԲՀԿ-ն նույնպես ձեռնպահ մնում որևէ մանրամասն հաղորդել այս հանդիպումից:

Մինչ Ծառուկյանը հանդիպում էր Հովիկ Աբրահամյանի հետ, «Ժառանգություն» խմբակցությունում խորհրդարանական քառյակը հանդիպում էր անցկացնում: Ապրիլի 28-ին ոչ իշխանական ուժերը խորհրդարանի օրակարգ պետք է մտցնեին կառավարության հրաժարականի հարցը: Բայց քանի որ վարչապետն ավելի շուտ հրաժարական տվեց, քան քառյակը կանցներ գործի, այսօր ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը քննարկում էին իրենց հետագա քայլերը:

Հանդիպումից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախ արձանագրեցին, որ վարչապետի հրաժարականը իրենց համատեղ գործունեության արդյունքն է:

«Հրաժարականը անակնկալ չէր, երեկվա օրն էր անակնկալ: Ես անձամբ սպասում էինք ապրիլի 20-ի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ մեր օրակարգային գործողությունները, որովհետև մենք բավականին լուրջ ծրագիր էինք ներկայացրել և գնում էինք դրան, հրաժարականը միանշանակ փոխկապակցված է սրա հետ»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է, որ վարչապետի հրաժարականի միակ պատճառը հենց քառյակի գործունեություն էր:

«Ակնհայտ էր, որ այն միջոցառումների ցանկը, որ մենք նախապատրաստել էինք, և մասնավորապես, մեր պլանավորած ապրիլի 28-ի հանրահավաքը ուղղակի խուճապ էր առաջացրել իշխանությունների մեջ։ Ակնհայտ էր, որ այդ հրաժարականի միակ պատճառը դա։ Ես արձանագրում եմ՝ մենք մեր առջև նպատակ էինք դրել և այդ նպատակի առաջին փուլի հաջողությանը արդեն հասել ենք։ Հիմա պետք է անցնենք առաջ»,- ասաց Զուրաբյանը։

Քանի որ Սահմանադրության համաձայն նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետ, Լևոն Զուրաբյանին հարցրեցին, թե արդյոք Կոնգրեսը կհամաձայնի՞ հանդիպել Սերժ Սարգսյանին, եթե, իհարկե, նման առաջարկ արվի։

«Ո՛չ, մենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չենք հանդիպում»,- ասաց նա։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես համաձայն է, որ վարչապետի հրաժարականը իրենց գործունեության արդյունքն էր: Քառյակի հանդիպումից հետո Հակոբյանը հայտարարեց, թե չորս քաղաքական ուժերը հաստատակամ են միասին շարունակել իրենց աշխատանքը. բայց քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, քաղաքական ուժերից յուրաքանչյուրը կքննարկի և կառաջարկի իր մոտեցումները, որից հետո առաջիկա հանդիպումների ընթացքում քառյակը կձևավորի նոր օրակարգ:

«Կառավարության հրաժարականի հարցը արդեն դուրս է եկել, բայց միասնական միջոցառումների հարցը մեր օրակարգում կա, և առաջիկայում մենք կհստակեցնենք, թե երբ ենք պատրաստվում միասնական միջոցառումներ իրականացնել»,- ասաց Հակոբյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք քառյակը պատրաստ է աշխատել ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ, Հակոբյանը պատասխանեց.- «Բնականաբար, այդպիսի քննարկում մենք այսօր չունեինք, բայց տարբեր քաղաքական ուժեր հենց քառյակում տարբեր մոտեցումներ ունեն: Քառյակի ձևաչափով այսօր օրակարգում նման [նախագահի հրաժարականի] հարց չի եղել»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, թե քառյակն այսօրվա հանդիպման ընթացքում վարչապետի հարց նույնպես չի քննարկել:

Այսպիսով ոչ իշխանական ուժերը արձանագրում են, որ հասել են իրենց առջև դրված նպատակին՝ վարչապետի և կառավարության հրաժարականին, սակայն պարզ չէ, թե ինչի շուրջ են առաջիկայում համագործակցելու:
XS
SM
MD
LG