Մատչելիության հղումներ

Վկան պնդում է, թե Օսիպյանն իրեն գործարք է առաջարկել


Վկան պնդում է, թե Օսիպյանն իրեն գործարք է առաջարկել
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը պնդում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և որդու ուսերին բարդել հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարությունը, որի հետևանքով 22-ամյա Վանուշ Ալեքսյանանը զրկվել է փայծաղից և մինչև օրս գտնվում է հիվանդանոցում:

Միջադեպի առնչությամբ, հիշեցնենք, հետախուզվում է Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:

Տիկին Հովհաննիսյանը պատմեց, թե Վալերի Օսիպյանն իրեն ասել է, որ Սեդրակը պնդում է, որ ինքը չի եղել դանակահարողը և ասում է, թե դա արել է տիկին Սմբուլի որդի Սարգիսը:

«Ասացի` ձեր հանցագործությունները չդնեք իմ էրեխու վրա», - շարունակեց նա: - «Մեկ էլ մտավ այնտեղ, դուրս եկավ` տիկին Սուսան, թող Ձեր տղան իրա վրա վերցնի, ես Ձեր տղային կարող եմ օգնել: Ինչի՞ ասացի` Ձեր տղան կատարի, իմ տղան գնա նստի՞»:

Հարկ է նշել, որ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է այս մեղադրանքը:

Այսօր տիկին Հովհաննիսյանը վաղ առավոտից Էրեբունու ոստիկանությունում էր, իր խոսքով` վկայի կարգավիճակով: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ դեպքի օրը իր որդին՝ 23-ամյա Սարգիս Հովհաննիսյանը, Երևանի փոխոստիկանապետի եղբորորդու հետ է եղել, երբ ծագել է վիճաբանությունը: Զրուցակիցս, սակայն, պնդում է, որ իր որդին միայն փորձել է բաժանել կռվողներին, դանակահարողը եղել է Վալերի Օսիպյանի եղբորորդին:

Տիկին Սմբուլն ասաց, որ պատրաստվում է անձամբ դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. - «Թույլ չեմ տա, որ որդուս վրա բարդեն ուսադիրներով հորեղբայր ունեցողի մեղքը»:

Տիկին Սմբուլի որդու՝ Սարգիսի մասին հարևանները միայն դրական էին արտահայտվում և զարմացել էին, որ տեղի ունեցածում շոշափվում է նաև նրա անունը: Մինչդեռ փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանի եղբորորդու մասին բակի բնակիչները հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել:

Շատերն էին վստահ՝ եթե հորեղբայրը փոխոստիկանապետ է, գործը կփակվի ու կգնա: «Հիմա մի ժամանակաշրջան է… Ստալինի էն ժամանակը. կես բերան մի բան ասեցիր, էսիմ ինչ կրակը կընկնես», - ասաց միջին տարիքի մի կին:

Տիկին ՍԿբուլը չի զարմանում , որ Սեդրակ Օսիպյանի մասին որևէ մեկը չի համարձակվում խոսել` վախենում են:

Այսօր այցելեցինք նաև դանակահարված երիտասարդին: Բժշկի խոսքով, երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն:
XS
SM
MD
LG