Մատչելիության հղումներ

Էրդողան․ Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան


ԱՄՆ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2014թ․
ԱՄՆ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2014թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ աշխարհի կարևորագույն խնդիրները լուծելու հարցում անգործություն ցուցաբերելու համար:

«Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», - սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը: «Մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը՝ ամեն գնով: Եվ մենք շարունակելու ենք յուրահատուկ բարեկամ լինել մեր բարեկամների համար», - հավելել է նա:

Միևնույն ժամանակ, Էրդողանը որևէ կերպ չի անդրադարձել Հայաստանի նախագահի՝ ավելի վաղ հնչեցրած ելույթին, որում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց Անկարային հայ - թուրքական արձանագրությունների վավերացման հարցում նախապայմաններ դնելու, Հայոց ցեղասպանության հարցում՝ անցյալի իրադարձությունները խեղաթյուրելու համար:

Իր ելույթում Թուրքիայի նախագահը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նա մատնանշել է, որ Սիրիայում շարունակվող պատերազմը 200 հազար մարդու կյանք է խլել, և այդ պատերազմի հետևանքով միայն Թուրքիայում ավելի քան մեկևկես միլիոն սիրիացի փախստական կա: Էրդողանը նաև քննադատել է ՄԱԿ-ի կողմից Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի լեգիտիմացումը, ում ելույթը նախորդել էր Թուրքիայի նախագահի ելույթին: Էրդողանը հայտարարել է, որ Սիսին գլխավորել է այն պետական հեղաշրջումը, որի արդյունքում պաշտոնանկ է արվել Եգիպտոսի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսին:

Էրդողանը դատապարտել է իսլամաֆոբիայի դրսևորումները, հայտարարելով, թե իսլամը խաղաղության կրոնն է, և «վիրավորական է, երբ իսլամը և ահաբեկչությունը օգտագործվում են միասին»:

«Թուրքիան մի երկիր է, որը խստորեն դեմ է արտահայտվում ցանկացած տեսակի հակասեմիտիզմի, իսլամաֆոբիայի և ռասայական խտրականության: Ես անձամբ եմ հայտարարել, որ հակասեմիտիզմը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և ես, թերևս, այն բացառիկ քաղաքական առաջնորդներից եմ, ով հստակորեն ասել է այս մասին ի լուր աշխարհի: Նույն կերպ, ողջ աշխարհը պետք է ընդունի, որ իսլամաֆոբիան նույնպես հանցագործություն է մարդկության դեմ», - ասել է նա՝ հավելելով․ - «Թույլ տվեք մատնանշել, որ Թուրքիան ահաբեկչության աջակցող երկիր չէ, քանի որ մենք մի պետություն ենք, որը պայքարում է ահաբեկչության դեմ, քանի որ Թուրքիան երեսուն տարի շարունակ տուժել է ահաբեկչությունից և շարունակում է ահաբեկչական հարվածներ ստանալ»:

Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիան 500 տարի առաջ իր դռները բացել է Եվրոպայից արտաքսված հրեաների առաջ և միշտ պաշտպանել է քրիստոնյաների իրավունքները, իսկ այսօր էլ օգնություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելությունից: Թուրքիայի նախագահի խոսքով, մինչև իր Նյու Յորք գալը Անկարան «գրկաբաց ընդունել է» 30 հազար եզդիների, ովքեր փախչում էին Իրաքից, և բացել է դռները Սիրիայից փախուստի դիմող քրդերի առաջ ու մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց:

Իր ելույթի վերջում Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի անդամ այն երկրներին, որոնք պաշտպանում են Անվտանգության խորհրդում Թուրքիայի ժամանակավոր անդամի թեկնածությունը, և հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը ջանքեր կգործադրի «աշխարհի դեմքից արցունքները, արյունը և աղքատությունը սրբելու» ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG