Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ»-ի ակցիան ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների՝ տապալվեց


«Դ!եմ եմ»-ի ակցիան ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների՝ տապալվեց
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

«Դ!եմ եմ»-ի ակցիան ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների՝ տապալվեց

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի խոսքով՝ հավաքի մասնակիցը պատրավոր է չխոչընդոտել շենք-շինությունների մուտքն ու ելքը։

Ոստիկանությունն այսօր թույլ չտվեց «Դ!եմ եմ» շարժման անդամներին բողոքի ցույց անցկացնել Ֆինանսների նախարարության առջև ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների: Մի քանի տասնյակ իրավապահներ շրջափակել էին նախարարության շենքը՝ ցուցարարներին թույլ չտալով անգամ մայթն անցնել նամակ փոխանցելու համար:

«Հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել շենք-շինությունների մուտքն ու ելքը», - հրահանգներ էր տալիս փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը։

Մի քանի երիտասարդների այնուամենայնիվ հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշն ու մոտենալ նախարարության շենքին, սակայն այստեղ նրանք ոստիկանների դիմադրությանը հանդիպեցին:

«Փողոցն ենք անցնում՝ ոստիկանները վայրենի ձևով բրդում են, էս մարդիկ մինչև հիմա քաղաքավարությունից զուրկ են», - ասացին ակցիայի մասնակիցները։

Մոտ մեկ ժամ դիմացի մայթին կանգնելուց հետո երիտասարդները, շրջանցելով ֆինանսների նախարարության շենքը, կարողացան մոտենալ Կառավարության գլխավոր մասնաշենքին:

«Դ!եմ եմ» շարժման անդամ Արսեն Մանուկյանի համոզմամբ՝ ոստիկանությունը միտումնավոր տապալեց այսօրվա ակցիան։

«Ոստիկանության պահվածքը գնահատում եմ տգետ։ Ինչքան էլ որ փորձում ես բացատրել, որ ոչ մի ձև չի խոչընդոտվելու ֆինանսների նախարարության բնականոն աշխատանքը, միևնույն է ունեն կոնկրետ հրաման, որից շեղվելն իրենց համար երևի մահացու է։ 50 հոգանոց ակցիան ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում, թե՛ Ֆինանսների նախարարության համար, թե՛ Կառավարության համար։ Ի դեպ, ոստիկանները երևի մեզնից երեք անգամ շատ են», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մանուկյանը։

Այս ընթացքում Գագիկ Խաչատրյանի գլխավորած նախարարությունից որևէ պաշտոնյա այդպես էլ չմոտեցավ ցուցարարներին, «Դ!եմ եմ եմ» շարժումը նամակը փոխանցեց վարչապետի աշխատակազմին:

Ավելի քան երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարգադրել էր Ֆինանսների նախարարությանը գտնել այնպիսի լուծում, որ պետական բուհերում համատեղությամբ դասախոս աշխատող երիտասարդները կարողանան հրաժարվել պարտադիր սոցիալական վճարից, հակառակ դեպքում նրանք ստիպված են նաև իրենց հիմնական՝ մասնավոր աշխատավայրից վճարումներ կատարել։ Մինչև օրս խնդրին լուծում չի տրվել:

Այն, որ մինչև օրս խնդրին լուծում չի տրվել, Ըստ «Դ!եմ եմ»-ի անդամ Գեւորգ Գորգիսյանի, դա նշանակում է, որ իշխանությունները միտումնավոր ձգձգում են հարցը՝ դասախոսներին ծուղակը գցելու համար․

«Մենք կորցնելու ենք շատ ու շատ լավ մասնագետներ: Բոլոր հնարավոր ատյաններից միշտ հայտարարում են, որ մեր միակ ռեսուրսը դա գիտությունն է, դա խելացի մարդիկ են․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գորգիսյանը:

Գրիգոր Պետրոսյանը Գիտությունների ազգային ակադեմիայի արդեն նախկին գիտաշխատող է, Ինֆորմատիկայի ինստիտուտից տասը ընկերներ էլ հրաժարվել են պայմանագիր կնքել․ - «Եթե առաջ օգուտ չէր տալիս, պարզապես զբաղվում էինք, որ չկորի քո գիտելիքները, հիմա արդեն վնաս է տալիս գիտությամբ զբաղվելը»:

Սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն Էյրամջյանը ստիպված համաձայնել է շարունակել աշխատանքը բուհում: Ասում է, որ երիտասարդ դասախոսները հիմնականում նվիրյալներ են, չնչին գումարի դիմաց են դասավանդում․ - «Թակարդը երևի լավ բառ է, այլ ելք չեղավ, այսինքն՝ դրեցին երկընտրանքի առաջ՝ կամ նրանք պիտի դուրս գան, կամ պիտի մտնեն համակարգի տակ, չնայած խոստումներ հնչեցին գեղեցիկ»:

Դավիթ Մանուկյանը հիշեցնում է, որ երիտասարդ դասախոսների հետ այս ծուղակում են նաև պետական հիմնարկների աշխատողները, նրանք հնարավորություն չունեն հրաժարվել պարտադիր պահումներից:

«Ընդամենը մի բան ենք եկել պահանջելու՝ աշխատեք: Սկզբում պահանջում էինք, որ նախագահն ապահովի սահմանադրական կարգ, ստիպում էինք Սահմանադրական դատարանի որոշմանը ենթարկվել, հիմա էլ արդեն պետք է ստիպենք, որ նախարարը ենթարկվի վարչապետի հանձնարարականին», - նշեց Մանուկյանը:

Վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է՝ երիտասարդ դասախոսները կամ պետք է հրաժեշտ տան բուհին, կամ համաձայնեն մինչև ծերություն աշխատավարձից փոխանցումներ կատարել: Ի դեպ, շատ դեպքերում այս պահումը գերազանցում է դասախոսական մեկ ամսվա աշխատավարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG