Մատչելիության հղումներ

Սիրիահայերը սեփական միջոցներով են լուծում բնակարանային հարցը


Անցած երեք տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայերն այլևս չեն ուզում սպասել կառավարության նախաձեռնած Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը՝ հույսը դնելով սեփական գրպանի ու բարերարների վրա։

Հայաստան տեղափոխված շուրջ 3 հազար սիրիահայ ընտանիքներից 270-ը առաջիկա երկու տարվա ընթացքում Երևանում բնակարան կգնեն շուկայականից էժան գներով՝ առանց կառավարության աջակցության։

Դաշնակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, որի շրջանակում հետագայում ձևավորվեց հիմնադրամ, Երևանի Դավիթաշեն թաղամասում 14 հարկանի շենք է կառուցում 78 սիրիահայ ընտանիքների համար։ Այսօր շինարարության հիմնարկեքն էր:

Հալեպից Հայաստան տեղափոխված Սևակ Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հետ՝ նորակառույցում բնակարան ձեռք բերելու համար։ Նորոգված վիճակով բնակարանի համար, բացի նախնական 5 հազար դոլարից, Սևակը առաջիկա երկու տարիներին կվճարի ամսական ավելի քան 200 հազար դրամ։

Երիտասարդն ասում է, թե Հայաստանում, ի տարբերություն Հալեպի, գումար վաստակելը շատ դժվար է, բայց աշխատանք ունի ու հիմնադրամի առաջարկած տարբերակը ձեռնտու է իրեն․ - «Գումար չունենք, բայց իրենք հարմարացրել են, որ մենք կարողանանք մի ձևով հատուցել այդ փողը»:

Հիմնարկեքի արարողության ժամանակ հիմնադրամի տնօրեն Թաթուլ Հարությունյանն «Ազատության»-ն ասաց, որ երկու տարի անց շենքը պատրաստ կլինի։ Նախնական հաշվարկներով, կառուցման համար կծախսվի 2 միլիարդ դրամ։ Հարությունյանն առանց անուններ հնչեցնելու ասում է, թե շատերն են աջակցել իրենց։

Նորակառույց շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցող սիրիահայ Ջորջ Ասայանը դեռևս պայմանագիր չի կնքել հիմնադրամի հետ․ կասկածներ ունի, որ այս ծրագիրը ևս կձախողվի, այնպես, ինչպես անցած տարիներին ձախողվեցին շատ շենքերի կառուցման ծրագրեր, երբ նախնական վճարումներից հետո շատերը անտուն մնացին։

Չնայած կասկածներին, Ջորջը ցանկություն ունի հայրենիքում սեփական տանիքն ունենալ։ Հալեպ վերադառնալու ցանկություն չունի, 4 անչափահաս զավակների ապագան այստեղ է տեսնում։

Թե՛ Ջորջը, թե՛ Սևակը խոսում են սիրիահայերի մեկ այլ բնակարանային ձեռնարկի ՝ կառավարույան նախաձեռնած «Նոր Հալեպ» ծրագրի մասին։ Երևանից հեռու՝ Աշտարակ քաղաքում հարմար չէ բնակվելը, այս է պատճառը, որ հրաժարվել են մասնակցել մեկուկես տարի առաջ կառավարության նախաձեռնած ծրագրին։

Նոր Հալեպի բնակարանները ևս սիրիահայերին պետք է վաճառվեն շուկայականից էժան գներով։ Գումարի մի մասը ձեռքբերելու համար Սփյուռքի նախարարությունը մի քանի անգամ կոչ արեց թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում գումար հանգանակել։ Վերջերս էլ նախարարությունը կարճ հաղորդագրություններ է հղում հեռախոսային բաժանորդներին՝ աջակցելու ծրագրին։ Բայց ժամանակին գործարար Հրանտ Վարդանյանի ու մի շարք պետական ձեռնարկությունների աշխատողների արած հանգանակություններից բացի, այլ հատկացումներ այդպես էլ չեղան։ Մյուս կողմից էլ, որևէ սիրիահայ չդիմեց այս ծրագրին։

Հրայր Ակվիլյանը ևս հրաժարվել է․ - «Ես տիկին նախարարին ասացի՝ սիրիահայերը գյուղում չեն կարողանա ապրել: Սիրիահայերը վարժված են քաղաքի կենտրոնում ապրել, որովհետև իրենց գործատեղիներն այդտեղ են եղել»:

Դավիթաշենի մեկ այլ հատվածում Հրայրի ու նրա ընկերների սեփական ուժերով շինարարություն է իրականացնում։ Նախատեսվում է, որ «Երազ» անունը կրող այդ թաղամասում հետագայում մոտ 1000 սիրիահայ կապրի։ Երեք շենքերից մեկի շինարարությունն արդեն մոտ է ավարտին։ Նորակառույցը ապագա բնակարանատերերի համար կարժենա 3 միլիոն դոլար, ինչը ևս շուկայականից ցածր գին է համարվում։

«Արդեն երկու տարի է այստեղ եմ: Այդքան խոստումներ տրվեցին, այդքան կազմակերպություններ․․․ Արդեն հուսահատ վիճակում էինք: Այնքան հուսահատ էինք, որ ասացինք՝ մենք մեր անձնական միջոցներին այլևս վստահենք», - ասաց Ակվիլյանը:

XS
SM
MD
LG