Մատչելիության հղումներ

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը


Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, «Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ առայժմ ձեռնպահ մնալով խոսել այդ հանդիպման արդյունքներից։ Այսօր ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տեղեկացրել էր, որ Դաշնակցությունը փորձում է հաշտեցնել կողմերին։

«Չհաշտվելը՝ դա նշանակում է պատերազմ, որը արդեն բանավոր մակարդակով տեղի ունի ու ինչ ասես ասվել է՝ է՛լ գող Փիսո, է՛լ քաչալ Շուն: Ամբողջ մեզ հայտնի բառապաշարը կիրառվել է», - ասել էր Ռուստամյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, հաշտեցնել ցանկացողներ կան, բայց կարող է լինել զինադադար, ոչ ավելին, մինչև Ծառուկյանը չհասկանա, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Երեկվանից մամուլը նաև գրում է, որ Ծառուկյանի և Սարգսյանի հանդիպումը կազմակերպելու համար Ռուսաստանից Հայաստան է ժամանել մեծահարուստ Սամվել Կարապետյանը։ Այդ տեղեկությունների համաձայն, Կարապետյանը ջերմ հարաբերություններ ունի թե՛ նախագահի, թե՛ ԲՀԿ ղեկավարի հետ:

«Իհարկե, հնարավոր է, և նաև կան առիթները զինադադար հայտարարելու՝ այսպես ասած, բայց դա ժամանակավոր լուծում է: Ինձ թվում է, որ մեկ ամիս, երկու ամիս զինադադարը նման տիպի ամբիցիաներ ունեցող մարդկանց, քաղաքական ուժերին, ոչ իշխանական ուժերին՝ դա խնդրի լուծում չէ», - ասաց Բաղդասարյանը:

Մինչ Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին տեղեկությունները «Ազատության» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համոզված ասում էր՝ առաջիկա ուրբաթ օրը Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը կայանալու է, Եռյակի լիդերները, նրանց թվում նաև Գագիկ Ծառուկյանը, հաստատակամ են․ - «Ես չգիտեմ, թե ինչ զարգացումներ կլինեն, բայց ինձ համար հաշտեցումը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը ընդուներ իր ձախողումը և ընդառաջ գնալով հանրային պահանջին՝ վայր դներ իր լիազորությունները»:

Երևանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն չէր ընդունել փետրվարի 20-ին նախատեսված Եռյակի հավաքը, պատճառաբանելով, թե այն որևէ ձևով չի կարող համարվել «շտապ», ինչպես կազմակերպիչներն են պնդել իրազեկման դիմումում։ ՀԱԿ-ից «Ազատությանը» տեղեկացրին, որ այսօր Եռյակի անունից նոր իրազեկում է ներկայացվել քաղաքապետարան, այս անգամ՝ փետրվարի 23-28-ին միջոցառումներ անցկացնելու մասին։ Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց շուրջօրյա հանրահավաքների, նստացույցերի ու երթերի անցկացումը:

Գագիկ Ծառուկյանին նետված ձեռնոցն, ասաց, ընդունվել է Եռյակի կողմից։

«Ամսի 20-ի հանրահավաքների ամբողջ ընթացքը պայմանավորված է ներկա իրավիճակով և Սերժ Սարգսյանի մարտահրավերով, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը հետագա գործողությունների, որ կկատարի ընդդիմությունը, ամբողջությամբ ընկնում է Սերժ Սարգսյանի վրա: Իսկ ընդդիմությունը սովորաբար իր գործողությունները մշակում է Սահմանադրության շրջանակներում», - նշեց նա:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ Եռյակը բախումների է գնում։ Այս դեպքում իշխանությունն էլ իր անելիքը պետք է իմանա․ ցնցումներ թույլ չտա՝ ազգային անվտանգության հարց է առաջացել, կարծում է նա․ - «Ինչ է նշանակում՝ չարտոնված հանրահավաք, և ասում են՝ մենք միևնույնն է պետք է անենք: Այսինքն՝ տանում են ցնցումների և բախումների: Եվ ես նորից եմ կրկնում՝ մենք զգոն ենք և թույլ չենք տա մեր երկրում այս իրավիճակում լինեն ցնցումներ, իհարկե՝ օրենքի տողին համապատասխան»:

Այս օրերին Ծառուկյանի կողմնակիցների տներում և նրանց պատկանող օբյեկտներում անցկացվող խուզարկությունները, Ծառուկյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների՝ ոստիկանական համակարգից հեռացումը Բաղդասարյանը «կանխարգելիչ գործողություն որակեց»։

«Պետք է կատարվի և ստուգվի այն փաստերը, թե իրո՞ք արտոնված են այդ խմբերը, այդ զենքերը, որոնք կրում են մարդիկ, որովհետև մարդիկ հակապետական կոչեր են անում և կարող են ինչ-որ ցնցումներ լինել, և ավելի լավ է կանխարգելիչ գործողություններ կատարելը, քան թե սպասեն, երբ որ արդեն փաստը վավերացվի և մարդկանց արդեն սկսեն այդ ժամանակ հավաքել, որը կարող է բերել բավական լուրջ բախումների», - նշեց նա:

Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ, Ծառուկյանի և նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում:

«Հակաօրինական գործողություններ իշխանության կողմից, տեռորի դրսևորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ», - ասաց նա:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում բացառեց իրենց մասնակցությունը եռյակի հրավիրած ուրբաթօրյահանրահավաքին, ասաց՝ արյունահեղության վտանգ են տեսնում։

«Ի՞նչ են ուզում անեն, մենք չենք միանա արյունահեղության տանող պայքարների, երբեք», - ասաց նա:

Ռուստամյանը կարծում է՝ Գագիկ Ծառուկյանն է առաջինը ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին, երբ ասել է, որ ժողովրդին հրապարակ հանելով՝ պետք է կանխել սահմանադրական բարեփոխումները։

«Երբ որ այսպես եք վարվում, դուք տալիս եք քարտ բլանշ իշխանություններին, որ ասեն՝ տեսեք իրենց պահանջն ինչն է, ուրեմն ես պիտի կոշտացնեմ իմ դիրքորոշումները, որպեսզի ես կարողանամ իր ասելով ժողովրդավարական գործընթացները անխափան երկրում անցկացնեմ», - նշեց նա:

Հիշեցնենք՝ Դաշնակցությունը իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների կողմնակից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG