Մատչելիության հղումներ

Ասկերովին և Գուլիևին հանձնելը Ղարաբաղում «քննարկման ենթակա չէ»


Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դատարանում, արխիվ
Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դատարանում, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է պնդել՝ Ղարաբաղում կալանավորված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցիները հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կոչը՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ, ստիպել է պաշտոնական Ստեփանակերտին կրկին անգամ թվարկել նրանց հանցանքները՝ պետական սահմանի խախտում, սպանություններ, լրտեսություն, գողություն, միջազգային հանրության կողմից հնչող մարդասիրական կոչերին ի պատասխան էլ՝ հիշեցնել խոցված ուղղաթիռի միջադեպը, երբ օրեր շարունակ Ադրբեջանը թույլ չէր տալիս հայկական կողմին դուրս բերել զոհված օդաչուների դիակները:

«Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի տեսակետն է, ու, ըստ էության, ասված է այն, ինչ պետք է ասվի», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

Նախօրեին Լեռնային Ղարաբաղ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ շփումներում չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը Ասկերովի և Գուլիևի հարցի առնչությամբ. «Արցախպրես» լրատվական կայքի հետ զրույցում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը միայն հերթական անգամ համոզմունք է հայտնել, թե Քաշաթաղի շրջանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելը կարող է մեղմել առկա լարվածությունը:

«Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծումը», - մասնավորապես ասել է Ուորլիքը:

Պատգամավոր Աթանեսյանի կարծիքով սահմանային վերջին լարվածությունը իսկապես ինչ-որ չափով կարող է նույնիսկ պայմանավորված լինել Գուլիևի և Ասկերովի՝ Ղարաբաղում կալանավորված լինելու հանգամանքով: Աթանեսյանը, սակայն, համոզված է՝ նրանց արտահանձնելու դեպքում անգամ Ադրբեջանը վերջ չի տա առաջնագծում իր սադրիչ գործողություններին:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունը զայրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարին. Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է՝ որևէ մեկը չի կարող մեզ խորհուրդ տալ:

«Մեկնաբանման ենթակա չէ և քննարկման ենթակա չէ, և որևէ մեկը չի կարող խորհուրդ տալ՝ ինչ անենք մենք», - այսօր ասել է Հակոբյանը:

Քաղաքագետ Հայկ Խանումյանը նկատում է, որ վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել արտաքին ճնշումները 22 տարվա ազատազրկման դատապարտված Գուլիևին և ցմահ ազատազրկման դատապարտված Ասկերովին Ադրբեջան վերադարձնելու հարցով, սակայն դրանք ուղղված են հիմնականում պաշտոնական Երևանին: Քաղաքագետը համոզված է՝ պաշտոնական Ստեփանակերտը այս պարագայում մեկ տարբերակ ունի՝ գործել ինքնուրույն և շարժվել բացառապես հասարակության պահանջներին համահունչ:

«Արցախի վրա Հայաստանի իշխանությունները, այո՛, լծակներ ունեն ազդելու, սակայն դա չի նշանակում, որ այդ լծակները անվերապահ կարող են աշխատել: Դիվերսանտներին հանձնելու դեպքում Արցախի իշխանությունների դիրքերը հասարակության աչքում բավականին կթուլանան, ինչը բոլորովին էլ ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում հայաստանյան իշխանություններին այս փուլում, երբ մայիսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Հետևաբար, առնվազն մինչև մայիսյան ընտրություններ, Արցախի իշխանությունները այդ քայլին չեն գնա և պաշտոնական Երևանն էլ այդ ճնշումը չի իրականացնի», - ասում է Խանումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG