Մատչելիության հղումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ԵՏՄ-ն պատրաստ չէ միասնական արժույթին


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ԵՏՄ-ն պատրաստ չէ միասնական արժույթին
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Այսօր Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ չէ անցնել միասնական արժույթի, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տատյանա Վալովայան:

Վալովայան, ով հանձնաժողովում պատասխանատու է ինտեգրացիայի հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության համար, հավելեց՝ միասնական արժույթի համար «պետք է երկար ճանապարհ անցնել»:

«Կարծում եմ, այս պահին ԵՏՄ-ն պատրաստ չէ միասնական արժույթին: Հարցը նրանում չէ՝ պատրա՞ստ է, թե՞ ոչ: Պետք է պայմաններ լինեն, որպեսզի միասնական արժույթը առաջանա: Օրինակ, բոլորիս ուշադրության կենտրոնում է Եվրամիության փորձը, որը 2002 թվականին շրջանառության մեջ դրեց եվրոն: Սակայն նրանք առաջին անգամ պատրաստվում էին եվրոն մտցնել շրջանառության մեջ դեռ 1980 թվականին, իսկ այդ նախագիծը ներկայացրեցին 1960-ականների վերջին: Խոստացան այդ անել 1980-ին, արեցին 2002 թվականին։ Ինչո՞ւ, որովհետև մինչև արժութային միության ստեղծումը պետք է ստեղծել տնտեսական միություն»,- ասաց Վալովայան։

«Ազատության» հարցին՝ այնուամենայնիվ, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու համար, Վալովայան կարճ պատասխանեց՝ չգիտեմ:

Եվրասիական տնտեսական միության երրորդ ամիսն էլ դեռ չի լրացել, բայց Ռուսաստանի նախագահ Պուտինը նախորդ շաբաթներին արդեն երկու անգամ կարևորեց միությունում միասնական արժույթի ստեղծումը: Մարտի սկզբին հանձնարարեց երկրի Կենտրոնական բանկին՝ ԵՏՄ անդամ-պետությունների Կենտրոնական բանկերի հետ աշխատանք տանել՝ հասկանալու միասնական արժույթի ի՞նչ հնարավորություն կա, իսկ մարտի 20-ին Աստանայում՝ Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարեց.- «Ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միություն ստեղծելու մասին»:

Այսօր Երևանում ԵՏՄ շուկային վերաբերող համաժողով էր, որին ներկա էր նաև Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով կառավարությունում համակարգում է հենց ԵՏՄ ուղղությունը: Հարցրեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Աստանայում կայացած Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են եվրասիական ինտեգրացիային ու ԵՏՄ միասնական արժույթին վերաբերող հարցեր, չէր հրավիրվել միության չորրորդ անդամը՝ Հայաստանը:

«Երբ Օլանդը և Մերկելը հանդիպում են, նրանք, բնականաբար, անդրադառնում են նաև Եվրամիության հարցերին, սակայն երբևէ չի նշվում, որ ԵՄ մյուս բոլոր երկրները ևս պետք է հանդիպեն։ Դա ԵՏՄ-ի պաշտոնական հանդիպում չէր, երեք երկրների նախագահների հանդիպում էր, բնականաբար, քննարկվել են նաև ԵՏՄ-ի հարցերը»,- ասաց փոխվարչապետը։

Գաբրիելյանը տեղեկացրեց՝ ռուսական «РАО ЕЭС» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» առ այսօր որևէ մեկին չի վաճառել: Արդյոք այդ նպատակով բանակցություններ ընթանո՞ւմ են. նա խորհուրդ տվեց դիմել ընկերությանը:

Փոխվարչապետի խոսքով, առաջիկայում կառավարությունը անդրադառնալու է հարցին՝ կկարողանա՞ ապահովել այս տարվա պետբյուջեով նախատեսված 4.1 տոկոս աճը:

Կենտրոնական բանկն, օրինակ, հնարավոր է համարում, որ աճը ավելի քան տասը անգամ քիչ կլինի:

«Կառավարությունը որևէ հայտարարություն չի արել, որ ամբողջովին ցուցանիշների փոփոխություն չի լինելու։ Հիմա քննարկումներ են լինելու, հուսով եմ՝ շատ շուտով դրանք կամփոփվեն և ձեզ կներկայացվեն կանխատեսումներ»,- ասաց Գաբրիելյանը։

Նույն համաժողովին ներկա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գործարարները ի՞նչ սպասումներ ունեն Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումներից։

«Մենք կունենանք ՀՆԱ-ի ավելի նվազ աճ, քան կանխատեսվում է։ Կանխատեսում են 1 տոկոս, 2 տոկոս, 0.5 տոկոս։ Այնուհանդերձ, տարին պետք է համարել ռեսուրսների կուտակման, վերադասավորման տարի, և այսօրվանից պլանավորել 2016-ի զարգացումները։ Շատ նման է 2009-ի նախաճգնաժամային վիճակին, երբ մեզ մոտ մինչև հունիս-հուլիս ամիսները գրեթե կատաստրոֆա էր»,- ասաց Ղազարյանը։

XS
SM
MD
LG