Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները համագործակցության եզրեր են տեսնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում


Ընդդիմադիրները համագործակցության եզրեր են տեսնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ չորեքշաբթի երեկոյան Ազատության հրապարակում անցկացված բազմամարդ բողոքի ցույցից հետո խորհրդարանական ընդդիմադիր ուժերը այս հարցում համագործակցության եզրեր են տեսնում։

Բոլորն էլ անթույլատրելի են համարում սակագնի բարձրացումը, ցույցին էլ կուսակցությունները ներկայացուցիչներ էին ուղարկել։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ նոր քաղաքական դաշինքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։

«Շատ լուրջ հարց է, որը վերաբերում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի փոքր և միջին բիզնեսին, մեծ բիզնեսին։ Եթե այս հարցի շուրջ էլ չենք հավաքվելու, բա էլ ի՞նչ է լինելու, որ հավաքվենք»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր «Ժառանգությունում» նույնպես սակագնի հնարավոր բարձրացումը անընդունելի են համարում, վստահ են, որ փողոցային պայքարի միջոցով հնարավոր է հասնել հաջողության։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ երեկվա ցույցը լավ մեկնարկ էր, հանրահավաքները պետք է շարունակվեն, իրենք էլ պատրաստ են քննարկել քաղաքական դաշտում միասնական քայլեր նախաձեռնելու հարցը։

«Հիմքը կա։ Կդառնա՞ դա խորը համագործակցություն այս հարցի շուրջ, կարծում եմ՝ ժամանակից առաջ չարժի ընկնել»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստանն» էլ է պատրաստ համագործակցության, «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի։ Նա միաժամանակ ընդգծեց՝ ԲՀԿ-ն ռեալիստ քաղաքական ուժ է, իրենք հասկանում են, որ ի վերջո սակագինը բարձրանալու է, ուստի որպես խնդրի լուծում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկների փաթեթ են ներկայացրել։

«Մենք ներկայացրել ենք մասնագիտական հաշվարկ, թե ինչպես անել, որ հնարավոր թանկացումը չազդի ՀՀ սպառողի վրա»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։

Զոհրաբյանը ասաց, որ պայքարելու են նաև քաղաքական դաշտում։ Նրա կարծիքով՝ այս հարցով գործնականում արդեն համագործակցում են։ Երեկ չորս ուժերի ներկայացուցիչները հրապարակում էին, դրանից առաջ էլ այս հարցով հանդիպել են «Ժառանգության», Դաշնակցության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ և որոշել, որ մասնակցելու են առաջիկա օրերին տեղի ունենալիք խորհրդարանական լսումներին, որի արդյունքներից էլ կախված կլինեն հետագա քայլերը։

«Մեր օրակարգից մենք չենք հանել նաև միասնական ստորագրահավաքով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու տարբերակը, եթե տեսնենք, որ խորհրդարական լսումները, որոնք կարծում եմ, կհրավիրվեն եկող շաբաթ, արդյունք չեն տալիս»,- ասաց Զոհրաբյանը։

Դաշնակցությունում էլ կարևորում են խորհրդարանական լսումները։ Արծվիկ Մինասյանը ասաց, որ դրանց ժամանակ պահանջելու են ստուգումներ անցկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերում»։ Պատրաստ են համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ սակագնի բարձրացումը կանխելու հարցում, բայց կարծում են՝ պետք է հստակ ծրագիր լինի։

Սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը երեկվա ցույցին ողջունում են, բայց նաև շեշտում են, որ սա քաղաքացիական շարժում է, բոլորը կարող են մասնակցել պայքարին, բայց որպես քաղաքացիներ.- «Իրենք կարող են իրենց գործը անել Ազգային ժողովում, մենք փողոցում մեր գործը անելու ենք»։

XS
SM
MD
LG