Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի պետը «զրպարտություն» է որակում Շանթ Հարությունյանի հայտարարությունը


ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, արխիվ
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, արխիվ

Գորիկ Հակոբյանը համոզված է, որ «որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում» Շանթ Հարությունյանի մեղադրանքներին։

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը զրպարտություն է որակել 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի` նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում։

«Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից, ինչի պատճառով հացադուլ էր հայտարարել և հանդիպում պահանջել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

ԱԱԾ-ի պետը «Արմենպրեսին» տված հարցազրույցում այսօր, մասնավորապես, ասել է.- «Նման հայտարարության տարածումը և արծարծումը լրատվամիջոցներում լրացուցիչ փաստարկ է հօգուտ այն բանի, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը կայացած իրողություն է: Բայց խոսքի ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք է պահանջում: Այն ոչ մեկին, մանավանդ իրեն քաղաքական գործիչ համարող անձին, իրավունք չի տալիս էժանագին քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար զրպարտանքներ ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային, դրանով իսկ փորձելով հարվածել ոչ միայն երկարամյա անբասիր աշխատանքային փորձառություն և հեղինակություն ունեցող պաշտոնյային, այլև ուղղակիորեն՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը»։

Ըստ ԱԱԾ-ի պետի, Հարությունյանի հայտարարությունը «պարզունակ քաղաքական տեխնոլոգիա է, որին բանտարկյալը արդեն մի քանի անգամ դիմել է».- «Համոզված եմ, որ որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում այս «մեղադրանքներին»: Փոխարենը հայտարարությունը կարող է ծառայել միայն մի նպատակի: Այն միջոց է հանրությանը հիշեցնելու իր գոյության մասին, արհեստականորեն մեծացնելու իր անձի նշանակությունը՝ հասցնելով հիրավի միջազգային դերակատարության և մասշտաբների: Պատկերացրեք՝ ով է բանտարկյալը, որ նրա գոյությունը «վտանգ է ներկայացնում» ՀՀ ԱԱԾ-ի համար, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը սպառնում է կազմակերպել նրա ֆիզիկական ոչնչացման օպերացիան: Սա անհեթեթ բարբաջանք է, հիվանդ երևակայության արգասիք և կրկնում եմ՝ ՀՀ ԱԱԾ-ն վարկաբեկելու փորձ»։

Ըստ Գորիկ Հակոբյանի՝ Շանթ Հարությունյանը 2013 թվականից ի վեր մի քանի անգամ հայտարարություններ է ներկայացրել իր անձի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ.- «Յուրաքանչյուր անգամ ՀՀ արդարադատության նախարարության, դատախազության, ԱԱԾ մարմինների կողմից ստուգումներ են իրականացվել, որոնք չեն հայտնաբերել նման սպառնալիքների իրական հիմքեր: Նման հայտարարությունների հաճախականությունը տպավորություն է ստեղծում, որ նա տառապում է հետապնդման մոլուցքով»,- ասել է ԱԱԾ պետը՝ նաև կարծիք հայտնելով, որ Հարությունյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման համար իրավական հիմքեր չկան։

«Կալանավորի հայտարարությունները նման մակարդակի հանդիպումների պատրվակ չեն կարող լինել: Անձի անվտանգության սպառնալիքների քննությամբ զբաղվում են համապատասխան ստորաբաժանումները: Համոզված եմ, որ բանտարկյալն ինքը քաջ գիտակցում է այս իրողությունը, և նշյալ պահանջը սոսկ սեփական անձի շուրջ առաջացած աղմուկը պահպանելու հերթական հնարք է, և միգուցե չի ընկալում, որ նման անհեթեթ հայտարարությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար»,- ասել է Գորիկ Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG