Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ «Պետք է լեցուն լինեն ՀՀ այլ քաղաքների հրապարակները»


Փոստանջյան․ «Պետք է լեցուն լինեն ՀՀ այլ քաղաքների հրապարակները»
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ոստիկանությունը պետք է վերականգնի Երևանի կենտրոնի բնականոն երթևեկությունը՝ չչարաշահելով իր լիազորությունները․ - «Օրենքի սահմաններում կա նման սահմանված կարգ, որպեսզի կարգուկանոն հաստատվի»:

«Ազատության» հարցին, թե արդյոք նկատի ունի նաև ուժի կիրառումը, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Օրենքի սահմաններում եթե դա թույլատրելի է, դա էլ կարող է լինել: Բայց ուժի կիրառում որպես այդպիսին, խիստ է ասված»:

Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ցուցարարներին հորդորել էր անցնել ավելի հանգիստ միջոցների՝ ազատել Բաղրամյան պողոտան և օգնել լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցում: Սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը նախագահը ծայրահեղ վտանգավոր էր համարել, առաջարկել էր հետևյալ բանաձևը․ մինչև ՀԷՑ-ում ծրագրվող աուդիտի եզրակացությունը կառավարությունն իր վրա է վերցնելու հոսանքի թանկացման բեռը: Եթե աուդիտի եզրակացությունը հաստատի սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները պետք է վճարեն: Իսկ եթե պարզվի սակագնի բարձրացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի ավել վճարված գումարները բաշխիչ ցանցերից հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ցուցարարները պետք է ականչալուր լինեն նախագահի հայտարարությանը, այն տանում է հարցի օբյեկտիվ լուծման․ - «Նրանք, ովքեր որ սկսել են, իրենց խաղաղ ցույցը կարող են շարունակել համապատասխան հատկացված վայրում, որտեղ որ թույլատրելի է: Իսկ հակառակ դեպքում, բնականաբար, ոստիկանությունը պետք է քայլեր ձեռնարկի: Եվ ես, անկեղծ ասած, դրան որևէ մեկ անգամ դեմ չեմ կարող լինել, որովհետև արդեն բազմիցս քանի օր է հորդորում են, և այդ հորդորները դեռ շարունակվում են։ Եվ պետք չէ, որ այդ մարդիկ, որոնք աչքի են ընկել բազմիցս կարգազանցությամբ, ևս մեկ անգամ փորձ կատարեն այդքան քաղաքակիրթ ձևով կազմակերպված ցույցի վրա ստվեր գցելու»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ նախագահի առաջարկը վատթարացնում է վիճակը․ - «Եթե դու պետական բյուջեի մեկ այլ գումարներից ես փորձելու փակել այդ ծախսերը, հետևաբար դա նշանակում է, դու նորից մեզանից ես այդ ծախսերը փորձելու փակել: Եվ դա, իհարկե, բավարար պայման չէ: Դուք պետք է սկսեիք քրեական հետապնդում, ունեք իրավապահ մարմիններ, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն․․․ Այսինքն, գնահատական տալով, պետք էր այդ գումարները հետ վերադարձվեին: Եվ իհարկե, նաև իրենց իրավասության ներքո է գտնվում այդ որոշումը, որը կայացրել էին՝ այն անհիմն, ապօրինի որոշումը նաև վերացնել»:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ հաղթանակի կարելի է Բաղրամյան պողոտայում մնալով: Պատգամավորը հենց այստեղ է պատրաստվում երեկոն անցկացնել:

Նա, այդուհանդերձ, Ազատության հրապարակ գնալու որոշումն էլ չի քննադատում․ - «Ես չեմ կարծում, որ սա պառակտում է: Պետք է տեղափոխվել ոչ միայն Ազատության հրապարակ: Ես կարծում եմ, պետք է միաժամանակ այլ հրապարակները լեցուն լինել, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների հրապարակները»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը հարցերը բանակցային սեղանի շուրջ կարգավորելու կողմնակից է: Աուդիտի անցկացումը ճիշտ որոշում է համարում, բայցև կարծում է, թե ամբողջական պատկեր կստացվեր էլեկտրաէներգիա արտադրող բոլոր կայաններում աուդիտ անցկացնելով: Մելքումյանը ասաց, որ դա նաև ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն է․ - «Հիմա արդեն այդ քաղաքացիական շարժման ավելի պաթետիկ, էմոցիոնալ բանին պետք է փոխարինի արդեն պրոֆեսիոնալ քննարկումները»:

Ոստիկանությունն անընդհատ հայտարարում է, թե վերականգնելու է հասարական կարգը Բաղրամյան պողոտայում: Միքայել Մելքումյանն ասում է․ - «Ի վերջո այդ պողոտան պետք է բացվի: Եթե մենք կարող ենք տեղափոխվել մի ուրիշ տեղ, լուրջ խոսենք, ես դեմ չեմ դրան: Բայց ուժի կիրառելուն էլ ես դեմ եմ: Ես չափավոր, ողջամիտ համբերատարության կոչ եմ անում: Բայց եթե կլինի մի զանգված, որ ընդհանրապես ոչ ուզում ա խոսի, ոչ էլ հասկանա, դա արդեն վերջում կարելի է հետևություն անել»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իշխանությունը գիտի, թե ինչ կկատարվի ուժի կիրառման պարագայում․ - «Ամեն մի ուժի կիրառումից հետո ավելի է բարձրանում բողոքի ալիքը, և դա էլ նրանք հաշվարկում են: Այնուամենայնիվ ուժի կիրառումը, ապօրինի այդպիսի գործողություններ իրականացնելը իրենց համար խնդիր է: Այնպես չէ, որ իրենք կարող են դա անել, և դա իրենց համար մնա անհետևանք: Լրատվամիջոցները այստեղից հենց ուղիղ եթերով հեռարձակում են: Իրենք փորձեցին նաև լրատվամիջոցները գործունեությունը խոչընդոտել, բայց դա էլ չտվեց իր արդյունքը, որովհետև, այնուամենայնիվ, տեսաերիզները տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ: Պարզ էր, որ խաղաղ ցուցարարի նկատմամբ կիրառվել էր անհամաչափ ուժ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG