Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն դեռ ուսումնասիրում է ոստիկանության՝ հունիսի 23-ի գործողությունները


ՀՔԾ-ն դեռ ուսումնասիրում է ոստիկանության՝ հունիսի 23-ի գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Մամուլի քարտուղարի խոսքով, քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը պարզ կլինի այս շաբաթվա ընթացքում։

Հատուկ քննչական ծառայությունում դեռ ուսումնասիրում են՝ արդյոք ոստիկանները հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնություն են կիրառել քաղաքացիների և լրագրողների նկատմամբ։

Քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը պարզ կլինի այս շաբաթվա ընթացքում։

«Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր», - ասաց Ահարոնյանը։

Նա նաև նշեց, որ ուսումնասիրվում են մամուլի հրապարակումներն ու տեսագրությունները։ Բացատրություններ տալու համար Քննչական ծառայություն են հրավիրվում այդ օրը ոստիկանություն տարված լրագրողները։

Նրանցից մեկը՝ «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆարհադյանը, մինչդեռ կարծում է, որ քրեական գործը պետք է հարուցվեր անմիջապես, քանի որ բազմաթիվ հրապարակումներ կային, թե բանավոր, թե գրավոր։

«Կոնկրետ ես, բանավոր հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, շատ զարմանալի էր, որ միայն երեք օր անց Դատախազությունը որոշեց էդ մամուլի հրապարակումներն ուղարկել Հատուկ քնչական ծառայություն։ Հատուկ քննչական ծառայությունում էլ դեռևս որևէ տեղեկություն չկա, հույս ունեմ, որ, ամեն դեպքում, քրեական գործ կհարուցվի, բոլոր մեղավորներն էլ կպատժվեն օրենքի ամբողջ խոստությամբ», - ասաց լրագրողը։

«Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանը, ով ևս մեկ շաբաթ առաջ ոչ միայն բռնությունների է ենթարկվել, այլև ոստիկանություն տարվել, քննության անաչառությանը չի հավատում։ Նա հրաժարվել է բացատրություններ տալ։ Ասում է, որ նախկինում երկու անագամ բողոքել է ոստիկանների անօրինական գործողությունների դեմ, սակայն որևէ մեկը այդպես էլ չի պատժվել։

«Երբ որ հրաման է իջեցվում, որ լրագրողներին նույնպես բռնության ենթարկել ու լրագրողներին տանել բաժիններ, ու հետո էդ նույն հրաման տվողը հրամայում է, որ գործեր հարուցվեն, մի տեսակ աբսուրդ վիճակ է ստեղծվում։ Ես խելամիտ մարդ եմ, ու էդ աբսուրդի մեջ չեմ ուզում ներքաշվել, ի՞նչ է նշանակում՝ «եկեք ձեզ ծեծենք, բռնության ենթարկենք, հետո կանչենք տեսնենք՝ ո՞նց եք բռնության ենթարկվել»», - ասաց Հովհաննիսյանը։

Մինչ իրավապահները մտմտում են՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, բռնությունների ենթարկելու մասով գործ հարուցել, թե ոչ, ցուցարարների դեմ գործերով որոշումները չեն ուշանում. արդեն քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակի մոտակայքում երեկ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ, մեկ մարդ ձերբակալվել է: Ըստ Քննչական կոմիտեի, կասկածյալը 22-ամյա Ա.Հակոբյանն է, ով, նախննության արդյունքներով, բռունցքով երկու անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին:

Ավելի քան մեկ շաբաթ է՝ 20 քննիչներից բաղկացած խումբն էլ նախաքննություն է իրականացնում խուլիգանության հոդվածով հարուցված քերական գործով, որի համաձայն հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևանի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը։

Հատուկ քննչական կոմիտեի նախագահի խորհդարական Սոնա Տռուզյանը «Ազատության»-ը փոխացեց, որ այս գործով արդեն հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել։

«Նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել, հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, կատարվում են տարբեր քննչական գործողություններ՝ քննչական դատավարական, սակայն քրեական գործով այս պահին ներգրավված կասկածյալ կամ մեղադրյալ անձինք չկան», - ասաց Տռուզյանը։

XS
SM
MD
LG