Մատչելիության հղումներ

Ցուցարարները չեն բացառում, որ հուլիսի 9-ին «կանցնեն գործողության»


Ցուցարարները չեն բացառում, որ հուլիսի 9-ին «կանցնեն գործողության»
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00

Բաղրամյան պողոտայից ուժով հեռացված ցուցարարները հայտարարում են՝ «Մեկ քայլ առաջ» ակցիան մնում է ուժի մեջ։ Հուլիսի 9-ին կայանալիք հանրահավաքից հետո չեն բացառում, որ կանցնեն գործողության։ Թե որ փողոցն այս անգամ կփորձեն փակել՝ դեռ չեն հստակեցնում: Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, որոշողը ժողովուրդն է լինելու։

«Հաղթական քայլ էր «Մեկ քայլ առաջ»-ը: Իշխանություններն էլ շատ լավ գիտակցեցին դա և դրա համար իշխանությունները փորձեցին վաղօրոք կանխել դա, բայց վստահ եղեք, որ «Մեկ քայլ առաջ» ակցիան չի դադարել, ու մենք մեկ քայլ առաջ գնալու ենք», - ասաց Դաիթ Սանասարյանը:

Ցուցարարները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակում են Ազատության հրապարակում, կրկին շուրջօրյա նստացույցով։ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել և պնդում է, որ չի դադարեցնի մինչև հանրահավաքի օրը։

«Երբ լինի էդ մոբիլիզացիան, ես կդադարեցնեմ հացադուլը, քանի որ սա ինքնանպատակ չի, ոչ էլ հերոսական քայլ է: Սա ծայրահեղ քայլ է, որ ես չէի ուզենա գնալ սրան», - ընդգծեց Սանասարյանը:

Խաղաղ ցուցարարներին Բաղրամյան պողոտայից ուժով հեռացնելն անօրինական էր, պնդում է իրավապաշտպան-ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը։ 46 բերման ենթարկվածներից նա միակն էր, ով ենթարկվեց վարչական պատասխանատվության։

«Որևէ պահանջ էլ այնտեղ չի ներկայացվել: Բռնի կերպով ձեռքերս ոլորել են, բռնություն կիրառելով նստացրել են ոստիկանության մեքենան և տարել են ոստիկանության բաժին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Իշխանություններին ներկայացրած պահանջները նույն են՝ չեղարկել թանկացման որոշումը, վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով, պատժել հունիսի 23-ի լուսաբացին բռնություն գործադրած ոստիկաններին։ Նախագահի կողմից հայտարարված աուդիտի անցկացումը ծածկադմփոց է՝ պնդում են ցուցարարները․ - «Դա ուղղակի ժամանակ ձգելու համար է»:

Ազատության հրապարակում երիտասարդներին սատարելու են գալիս նաև տարեց սերնդի ներկայացուցիչները։ Նրանց բարկացնում են հատկապես խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառած գործողությունները։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից մեկն այսօր ի նշան բողոքի կարել էր բերանը։ Ոստիկանների և ցուցարարների հորդորով 28-ամյա երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ քանդել էին կարերը։

Ազատության հրապարակում բողոքի ակցիաները քաղաքապետարանի կողմից արտոնված չեն, սակայն ոստիկանները տարածքն ազատելու կոչով հանդես չեն եկել։ Բաղրամյան պողոտայից բերված ցուցարարների գույքն էլ տեղադրված է աստիճանահարթակին՝ այստեղ ամեն երեկո հանրային քննարկումներ են անցկացվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG