Մատչելիության հղումներ

Ադրբեջանում եվրոպացիներին աշխատեցրել են ստրկական պայմաններում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային լրագրողական հետաքննությունը բացահայտել է, թե Ադրբեջանում ինչ սարսափելի պայմաններում են աշխատում և ապրում արտասահմանցի շինարարները:

Միջազգային լրագրողական խմբի հետաքննության առաջին մասը կոչվում է «Ստրուկներ հանուն զարգացման»: Զեկույցում նշված է, որ Բալկանյան երկրներից աշխատողները Ադրբեջան են եկել SerbAz ընկերության միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովի կնոջը և նրանց բիզնես գործընկերոջը: Նախարարությունը մասնավոր այդ ընկերության հետ 54 միլիոն մանաթի պայմանագիր է կնքել շինարարական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ Buta Palace և Baku Expo Center շենքերը կառուցելու համար: Սակայն նախարար Ազադ Ռահիմովը, նրա կինը՝ Զուլֆիյան և նրանց բիզնես գործընկերը հրաժարվել են պատասխանել հետաքննությունը անցկացնող լրագրողների հարցերին:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային լրագրողական կազմակերպության (OCCRP) համահիմնադիր Դրյու Սալիվանը «Ամերիկայի ձայն»-ին ասել է, որ փորձել են կապվել դեսպանատների, նախարարությունների, նախարարի ազգականների հետ, բայց նրանք չեն պատասխանել:

«Նրանք դա չհերքեցին: Երբ ձեզ մեղադրում են ինչ-որ լուրջ գործով, դուք դա հերքում եք: Բայց Ադրբեջանում նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել ձեզ», - ասել է Սալիվանը:

SerbAz ընկերության միջոցով Բաքվում աշխատած Սեուդին Զոլետիչն ասել է, թե մտքովն անգամ երբեք չէր անցնի, որ 21-րդ դարում կյանքը կարող է այդքան դաժան, այդքան անարդարացի լինել մարդկանց հանդեպ:

Նրա պատմելով՝ սկզբում նույնիսկ շատ հուզված էր, երբ առաջին անգամ լսել է SerbAz-ի առաջարկած աշխատանքի մասին: Ընկերությունը նրան առաջարկել է մեկ ժամի համար 5-ից 8 դոլար, ինչը նրան հրապուրիչ է թվացել: Բայց ժամանելով Բաքու, քիչ անց նա հասկացել է, որ իրականում ամեն ինչ այլ է: Բաքվի օդանավակայանում նրան և իր հետ եկած մյուս մարդկանց դիմավորել են և տեղում վերցրել բոլորի անձնագրերը: Ավտոբուսով բերել են մի մեծ տուն, որը ցանկապատված է երկու մետր բարձրությամբ պարսպով ու զգուշացրել, որ կարող են դուրս գալ միայն թույլտվություն ստանալու դեպքում:

Զոլետիչը պատմել է, որ այդ տանը 100-ից ավելի մարդ կար, յուրաքանչյուր ննջարանում երկու հատ երկհարկանի մահճակալ էր դրված, այնքան մոտ իրար, որ արանքով հնարավոր չէր անցնել: Նրանք ժամերով սպասել են զուգարանից կամ լողարանից օգտվելու համար, որովհետև ամբողջ շենքում երկու լոգասենյակ կար:

Աշխատանքային պայմանները շատ ծանր էին: Յուրաքանչյուր օր աշխատանքը սկսվել է վաղ առավոտյան ժամը 5-ին և ավարտվել երեկոյան 9-ին: Աշխատողներին սև հաց են տվել, ձու և երշիկ: Շատերը խիստ նիհարել են:

«Նրանք ասես համակենտրոնացման ճամբարում լինեին», - նկարագրել է Զոլետիչը, որի ասելով՝ մի քանի աշխատողներ մահացել են, մի քանիսը՝ ծեծի ենթարկվել:

Նրանց քիչ վճարելու համար ադրբեջանցի գործատուները աներևակայելի տուգանքներ են սահմանել ու գումարները կտրել աշխատավարձից՝ անկողինը չհավաքելու համար՝ 50 դոլար, աշխատանքի ընթացքում նստելու համար՝ 100 դոլար, ալկոհոլ օգտագործելու համար՝ 500 դոլար:

Որոշ ժամանակ անց նրանց քաղցը, անմխիթար վիճակը սկսել է գրավել շրջակայքում գտնվողների ուշադրությունը: Առաջինը ուշադրություն է դարձրել շինարարական վայրին մոտ գտնվող սիգարետներ և սնունդ վաճառող փոքր խանութի աշխատողը: Նա դիմել է ոչ կառավարական կազմակերպություններին, մասնավորապես «Ադրբեջանական միգրացիոն կենտրոնին», որի ղեկավարը նախկին ոստիկան Ալովսաթ Ալիևն է: Վերջինս աշխատողներին հանդիպելուց հետո կապ է հաստատել «Ազատություն» Ռ/Կ-ի հետ և շինհրապարակ գնացել նկարահանումներ կատարելու համար:

Ալովսաթ Ալիևը նաև կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, պահանջելով վճարել օտարերկրացիների աշխատավարձը և նրանց վերադարձնել իրենց երկրները, բայց գործերը շատ դանդաղ են առաջ գնացել:

Միջազգային լրագրողական կազմակերպության համահիմնադիր Դրյու Սալիվանն ասել է, թե Ալովսաթ Ալիևին սպառնացել են, և նա ստիպված լքել է Ադրբեջանը:

Երբ աստիճանաբար հանրությանը հայտնի է դարձել Ադրբեջանում եվրոպացի աշխատողների շահագործումը, երբ նաև աշխատողները սկսել են բողոքել, SerbAz-ը սկսել է նրանց հետ ուղարկել իրենց երկրները, բայց շատ քիչ է վճարել նրանց: Տուն վերադառնալով նրանք պատմել են Ադրբեջանում իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի սերբական Astra կազմակերպությունը հանդիպել է նրանց, ցուցմունքներ վերցրել, և այդ նյութերի հիման վրա Սերբիայի դատախազությունը ձերբակալել է SerbAz-ի տեղական 13 ներկայացուցիչների:

Ադրբեջանում Ալովսաթ Ալիևի ոչ կառավարական կազմակերպությունը SerbAz-ի աշխատակիցների անունից հայց է ներկայացրել դատարան ձգձգված աշխատավարձերը վճարելու և բարոյական վնասի դիմաց փոխհատուցում հատկացնելու համար:

SerbAz-ը պնդել է, որ աշխատակիցները սկզբնական պայմանագիրը կնքել են ոչ թե իրենց, այլ Բրիտանիայում գրանցած մի ընկերության հետ, ուստի Ադրբեջանի աշխատանքային օրենսդրությունը հնարավոր չէ կիրառել: Դատարանը, հիմք ընդունելով այս պարզաբանումը, SerbAz-ի դեմ հայցը մերժել է:

Սեուդին Զոլետիչի և մյուսների վերջին հույսը մնացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի վճիռը ակնկալվում է այս տարվա ընթացքում:

Դրյու Սալիվանն ասել է, թե այս խնդիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներից մեկն է, ընդ որում՝ կոռուպցիա բարձր ատյաններում:

«Դա տեղի է ունենում, երբ մի ընտանիք երկար ժամանակ մնում է իշխանության և կարծում է՝ տիրում է աշխարհը, նրանք համարում են, որ երկիրը իրենց սեփական ֆեոդալական կալվածքն է», - ասել է Սալիվանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG