Մատչելիության հղումներ

Հադրութը վերադարձնելու պահանջով ակցիաներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանատների առջև


«Սա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագիր է, որում Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն ներգրավվել: Մենք կոնկրետ չգիտենք, թե որն է այս փաստաթղթի բնույթը՝ այն միայն հրադադար է ենթադրում», - այսօր հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, երբ դուրս էր եկել լսելու դեսպանատան առջև հավաքված հադրութցիներին։

«Մենք դեռ ուսումնասիրում ենք փաստաթուղթը և ջանքեր ենք գործադրում, որպեսզի պաշտպանենք Հայաստանի շահերը։ Նախագահ Մակրոնն ասել է, որ այն, ինչ կատարվում է, պետք է ներկայացնի նաև հայկական կողմի շահը: Հիշեցնեմ, որ մեր դեսպանատունը միշտ բաց է ձեր համար, որպեսզի արտահայտվեք ու ներկայացնեք ձեր խնդիրները։ Այսօր նախագահ Մակրոնը Փարիզում հանդիպելու է Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնության ֆրանսիական փաթեթը», - ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Հադրութն այս պատերազմի ընթացքում գրավվեց ադրբեջանական զինուժի կողմից։ Հադրութցիները Ֆրանսիայի դեսպանատնից հետո շարժվեցին Ռուսաստանի դեսպանատուն։ Ակնկալում էին, որ այստեղ նույնպես դեսպանը կլսի իրենց, բայց դեսպանատան աշխատակիցը դուրս եկավ ու միայն նամակը վերցրեց, որի հիմնական պահանջը՝ արդեն ստորագրված փաստաթղթում հնարավոր փոփոխություններ անելն է, ոչ Հադրութը հադրութցիներին վերադարձվի։

«Շատ ցանկալի կլիներ Ֆրանսիայի օրինակով նաև Ռուսաստանը, մանավանդ, որ այս ամենին մեծ մասնակցություն ունի և առնվազն տարօրինակ էր այս վերաբերմունքը, բայց մենք, իհարկե, հանձնվողը չենք», - ասաց հավաքվածներից մեկը:

Հադրութցիները ՌԴ դեսպանատնից շարժվեցին դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Այնտեղ մի քանի րոպե իրենց պահանջը վանկարկումներով ներկայացնելուց հետո՝ մասնակիցներից մի քանիսը ներս հրավիրվեցին։ Դեսպանատան ներկայացուցիչը հիմնականում լսել էր նրանց մտահոգությունները, հետաքրքրվել, թե հումանիտար ինչ օգնության կարիք ունեն և ոչ միայն. «Ասաց, որ իրենց դեսպանն էլ շահագրգիռ է խնդրի հանգուցալուծմամբ և այս քանի օրը հրավիրելու է հանդիպում, որին կարող ենք նաև մենք մասնակցել: Իրենք տեղեկացված են պատերազմի ամբողջ հետևանքով ու արդյունքներով»:

Դեսպանատան առջև հավաքված հադրութցիներից՝ Վիկա Ավետիսյանն անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե շատերն են փախել դիրքերից, ասաց՝ չի բացառում, որ գուցե եղել են այդպիսիք, բայց ընդգծեց՝ շատերն էլ մնացել ու պաշտպանել են, օրինակ՝ իր հայրը, 90-ականներին Արցախի համար կռվածներից շատերի տղաները, մարտերում ասաց՝ զոհվել է իր դասընկերը։ Այսօր զրուցակցիս մեկ հարց է հուզում՝ կկարողանա արդյո՞ք երբևէ իր տուն գնալ:

«Ես չեմ մեղադրում, չեմ արդարացնում, ես ուզում եմ իմ տունը, ուզում եմ ես կարողանամ գնամ տուն: Ես այլևս տուն չեմ կարողանալու գնամ, թե ինչի, պատասխանը չգիտեմ», - նշեց նա:

Հադրութից հագի հագուստով Երևանի բարեկամների տանն է ապաստանել նաև 10-ամյա Վիկա Ավետիսյանը, շուրջ 15 հեքիաթ է գրել, եթե հովանավոր գտնի ցանկանում է հրապարակել իր գիրքը, որում կլինի նաև «Նամակ Հադրութին» հեքիաթը։ Վիկան Արցախի բարբառով հեքիաթից մի քանի տող պատմեց, թե ինչքան է կարոտել տատիկի տան ճոճանակը, բայց, անգամ, եթե մի օր գնա՝ էլ չի կարող նստել:

Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ամերիկայի դեսպանատներին այսօր նամակներ հանձնած հադրութցիներն ասացին, որ դեռ շատ դռներ են թակելու, որպեսզի դիվանագիտական սեղանին դրվի Հադրութն իրենց վերադարձնելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG