Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնարկեքի հերթական արարողության ժամանակ, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնարկեքի հերթական արարողության ժամանակ, արխիվ

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ այսօր այցելելով ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Լաչին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, մասնավորապես, թե իրենք «երբեք չէին կարող համաձայնել, որ Լաչինը և Քելբաջարը մնային Հայաստանի ձեռքում», Ղարաբաղյան երկրորդ պատերազմն իրենց «փառահեղ պատմությունն է, Հայաստանը դեռ չի կարողանում ամոքել այդ դառը պարտության ցավն ու վերքերը», իսկ «Ադրբեջանի հետ այսօր հաշվի են նստում»՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբներով, և «անկախ ադրբեջանական պետությունն ի վիճակի է հասնել ցանկացած արդյունքի»:

Նա վստահեցրել է, որ «Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը գտնվում է լիակատար վերահսկողության տակ»:

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդել է. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»:

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև մի շարք միջոցառումների է մասնակցել, այդ թվում՝ Լաչին քաղաքում «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանների հիմնարկեքի, Դեկտեմբերի 1-ի հուշատախտակի բացման, փողոցների անվանակոչման, այդ թվում իր հոր՝ Հեյդար Ալիևի անվամբ, «Հաղթանակի», «Զանգեզուրի» փողոցների, բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողություններին: Նա հայտնել է, որ երեկ արդեն 20 ընտանիք է տեղավորվել Լաչինում, իսկ մինչև սեպտեմբեր Զաբուխ (Աղավնո) գյուղը կհանձնվի բնակիչներին:

Նախօրեին Ադրբեջանի նախագահն այցելել էր Քելբաջարի շրջան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG