Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները՝ «կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ճանապարհի ստեղծումը»


Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ անմիջականորեն և միջնորդների միջոցով։ Այստեղ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», - ասել է Օ՛Բրայենը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե որոշվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ապա Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։

Միացյալ Նահանգները շատ պարզ հասկացրել է կողմերին, թե ինչ է ակնկալում տեսնել և թե ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողութունները, հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան։

«Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք խաղաղ համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հետաքրքրություն են հայտնել , և մենք շատ կցանկանայինք տեսնել դա»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Օ՛Բրայենը համարձակ է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում՝ նկատելով՝ նա չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա անել։

«Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճի, որն ունեցել են վերջին տարիների ընթացքում», - ասել է պաշտոնյան՝ շարունակելով․ - «Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատմանը, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալու իր տնտեսական զարգացման վրա, կառուցելու իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնելու առևտրային կապերը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։ Մենք շատ կցանկանայինք սա տեսնել»:

Վաշինհգտոնը հանձնառու է աշխատելու եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ տեսնելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից, եզրափակել է Օ՛Բրայենը։

Մերժելով բանակցությունների վաշինգտոնյան հարթակը՝ Բաքուն հայտարարել է, որ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։

Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ է հնչել, բայց չի հստակեցվել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից պատասխանել են, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այն նախատեսված է նոյեմբերի 30-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG