Մատչելիության հղումներ

Ռոբոտ Մոքսին պատերազմող աշխարհում սրտեր է ջերմացնում


«Ինչ երկար ճանապարհ էր, դեռ մի քիչ հոգնած եմ», «վայ, մարդ». - երեք տարեկան Մոքսին է՝ ամերիկահայ Պաոլո Փիրջանյանի ստեղծած ռոբոտը, որը լույս աշխարհ է եկել մարդկանց ավելի երջանիկ դարձնելու համար։

«Ես այսպես եմ ասում՝ Մոքսին ունի մայր Թերեզայի սիրտը և հազար հատ Էյնշտեյնի խելքը», - նշում է Փիրջանյանը:

Սա սովորական պլաստմասսե խաղալիք ռոբոտ չէ՝ էմոցիաներ ունի, անունն էլ պատահական չէ՝ նշանակում է հոգեպես ուժեղ, «Ազատությանը» պատմում է նրան ստեղծող Փիրջանյանը, թվարկելով՝ ոչ միայն առողջական խնդիրներով երեխաների բժիշկն է, այլև՝ բոլոր երեխաների համար ընկեր, դասատու։

«Ամերիկայի նման երկրում 50 տոկոս ամուսնությունները դառնում են բաժանված: Երեխայի վրա շատ վատ ազդեցություն է թողնում, կարող է մինչև կյանքի վերջը այդ ազդեցությունը մնա: Այսպիսով, իրենց պիտի օգնենք՝ երեխաներին. բացի այն, որ իրենց սովորեցնում է, որ ինչքան իրենց հոգեկանը ուժեղացնեն, տարբեր խաղեր ունի ինքը, որ երեխային սովորեցնում է պոզիտիվ մտածել, կամ եթե անհանգիստ են՝ դրա մասին խոսեն, հետո՝ իրենց սովորեցնում է տեխնիկա, որ ինչպես կարողանան հաշտվել այդ հարցի վրա: Նաև դասեր կարող է սովորեցնել՝ մաթեմատիկա, ինչ ուզում եք՝ ուզում եք նկարչության մասին սովորեք», - մանրամասնում է ամերիկահայ գիտնականը:

Մոքսին փախստական, ծնողներից բաժանված Պաոլո Փիրջանյանի մանկական երազանքն է եղել: Հիշում է՝ ներշնչվեց Star Wars-ից` «Աստղային պատերազմներ»-ից, երբ դեռ 12 տարեկան էր, հետո արդեն ամիսներ, տարիներ աշխատեց մինչև վերջնական արդյունքը։ Ի դեպ՝ ռոբոտի արտաքին տեսքի վրա աշխատել են նաև Disney-ի և Puxar-ի մասնագետները։

Մոքսիի սոցիալական նշանակության մասին խոսելիս հայկական արմատներով գիտնականն ընդգծում է՝ պատերազմող աշխարհում Մոքսին սրտեր է ջերմացնում։

Մոքսին կօգնի նաև միայնակներին. կա արդեն ծրագիր՝ մի Մոքսի էլ տարեցների համար ստեղծել։

iPhone-ի դարաշրջանում երեխաներին էկրանից կտրելը գերխնդիր է, մինչդեռ, գիտնականի պնդմամբ՝ փոքրիկ ռոբոտի նպատակը ոչ թե արհեստական կյանքին ընտելացնելն է, այլ՝ կրթելը, բարդույթներից ազատելը...

Փոքրիկ ռոբոտը հայերեն դեռ չգիտի, խոստացավ մյուս տարի սովորել։

Ռոբոտաշինության դոկտոր Փիրջանյանի հիմնադրած Embodied Inc. ընկերության Moxie-ն այս տարի արժանացել է Լաս Վեգասում անցկացվող նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին` «Արհեստական բանականություն» անվանակարգում։ Հիմա Փիրջանյանի հաջորդ նպատակը Մոքսին Հայաստանում արտադրելն է։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG