Մատչելիության հղումներ

Հայաստանը շարունակում է աշխատել ՄԻԵԴ և ԱՄԴ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի ուղղությամբ


Ֆրանսիա - ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական և Հաագայի Արդարադատության միջազգային դատարաններ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցերից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություն չկա, և հայկական կողմը շարունակում է դրանց ուղղությամբ աշխատել, «Ազատությանն» ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Մենք այն, ինչ որ տարել ենք, մինչև հիմա շարունակում ենք տանել առաջ՝ բոլոր իրավական գործընթացները և՛ Եվրոպական դատարանում, և՛ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում», - «Ազատությանն» ասաց Դրմեյանը։

Վերջին շրջանում Բաքվից ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրական ակտերը փոխելու պահանջ են ներկայացնում, այլև խնդրահարույց են համարում Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերը։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ միայն պնդել էր, որ դրանք իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ են, այլև ընդգծել էր այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը:

«Ինչպես ուզում են թող մեկնաբանեն, դա իրենց մեկնաբանությունն է, մենք մեկ նպատակ ունենք, և այդ նպատակը բոլոր խախտումների համար պատասխանատու պետությանը պատասխանատվության ենթարկելն է ու մարդկանց խախտված իրավունքները վերականգնելը, իսկ ավելի երկարաժամկետ՝ նաև նման խախտումներ թույլ չտալը, թույլ չտալուն պարտավորեցնելը: Սա է այդ բոլոր իրավական պրոցեսների և գանգատների նպատակը», - նշեց Դրմեյանը:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:

Եվրոպական դատարանում առաջին գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Վերջին երկու գանգատները դատարանը գրանցել, սակայն Ադրբեջանին դեռևս չի ծանուցել: Դրանք հայկական կողմը պարբերաբար լրացրել է:

«Չորրորդ միջպետական գանգատի մասով ամբողջական լրացումն արված է, երրորդը մոտ ժամանակներս արդեն կներկայացնենք, ավարտուն տեսքի կբերենք», - ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը՝ հաստատելով, որ երրորդը վերաբերում էր Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հարձակումներին:

Պաշտոնական Երևանն ըստ էության չի հերքում, որ Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթում Ղարաբաղի ժողովրդի վերադարձին, իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ չկա: Սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչներ շեշտում են, թե լուծման ճանապարհը միջազգային ատյաններ ներկայացված հայցերն են:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն օրերս ասել էր. - «Այս պահին իրավական ճանապարհը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար միջազգային իրավական համապատասխան մարմինների միջոցով գործընթացներ իրականացնելն է, որը և մենք իրականացնում ենք»:

Եթե Բաքուն խաղաղության բանակցություններում միջազգային ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջ է առաջ քաշում, ինչպիսի՞ն է դրա վերաբերյալ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն առաջարկել է գրավոր հարցում ուղարկել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG