Մատչելիության հղումներ

Կաշառառության մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Հակակոռուպցիոն դատարանն այսօր երկու ամսով կալանավորել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային։ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։

Թե կոնկրետ ումից և ինչի համար է կաշառք ստացել քաղաքապետարանի պաշտոնյան, Հակակոռուպցիոնը չի մանրամասնում։ Փաստաբան Համազասպուհի Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դեռևս չունի պաշտպանյալի թույլտվությունը՝ հրապարակայանացնելու թեման, չասաց նաև՝ ընդունո՞ւմ է արդյոք պաշտպանյալը մեղադրանքը։ Միայն նշեց, որ համաձայն չեն կալանքի որոշմանը և այն բողոքարկելու են։

«Որպես փաստաբան և որպես մարդ ես գտնում եմ, որ տնային կալանք նման դեպքերում, իհարկե, անշուշտ, ավելի ճիշտ է, բայց ավելի շատ հարցերին պատասխանելու համար ես պետք է քննարկեմ իմ պաշտպանյալի հետ», - ասաց Գրիգորյանը:

Երեկ իրավապահներն այս գործի շրջանակում խուզարկել էին քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը։

Քաղաքապետարանի պաշտոնյայից բացի, այս գործով ևս չորս մեղադրյալ կա, որոնցից երկուսը նույնպես այսօր կալանավորվել են։ Նրանցից մեկը գործարար, ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող Արթուր Կչրյանն է։ Փաստաբան Նարինե Սարգսյանի խոսքով՝ Կրչյանին մեղադրում են Շենգավիթի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին գլխավոր մասնագետ Շահեն Պետրոսյանին 1 միլիոն դրամ կաշառք տալու համար, որ վերջինս շինթույլտվության համար փաստաթղթեր կազմի։

«Ինքը գումար է վճարել, որպեսզի իր գործողությունները կատարեն, և իրականում բավականին գործողություններ են կատարվել՝ չափագրումներ են արվել, թղթեր են պատրաստվել: Փաթեթը պատրաստել են, բայց դեռ չեն տվել էդ շինթույլտվությունը, այսինքն՝ փաթեթը դեռ լրիվ պատրաստ չի եղել, որպեսզի տային քաղաքապետարան և ստանային», - «Ազատությանը» ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Նախաքննական մարմինը պնդում է, ասում է, որ, իբր, «դու էդ գումարը տվես ես որպես կաշառք, որ քեզ շինթույլտվություն տան»:

Չձայնագրվելու պայմանով Կչրյանի կինը «Ազատությանը» պատմեց, որ ամուսնուն երեկ առավոտյան են տնից դուրս կանչել, տարել հարցաքննության, գիշերն էլ դատարան՝ կալանավորման համար։ Ամուսինը միայն կարողացել է զանգահարել կնոջն ու խնդրել փաստաբան գտնել։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Կչրյանը մեղքը չի ընդունում, կալանքի որոշումն էլ բողոքարկելու են։ Պատմեց, որ իր պաշտպանյալը թղթեր է հավաքել, որ հողամասում շինություն կառուցի, դեռ թույլտվություն ստանալու փուլին չէր էլ հասել, վճարումներն էլ օրինական էին։ Գործում կան հեռախոսային գաղտնալսումներ թաղապետարանի նախկին պաշտոնյայի հետ, որոնցում, ըստ փաստաբանի, կաշառքի մասին խոսք չկա:

«Հա, բայց, իհարկե, այնտեղ ոչ մի տեղ էլ գրված չի կամ ասված չի, կաշառքի մասին խոսք անգամ չի եղել: Պետական կտրոն կար, քննիչն էլ ուներ՝ էդ ներկայացրել է դատարանին, բայց կար, որ չկար, որովհետև, ասենք, եղել է, որ միասին են գնացել վճարի, ասենք, ասել է՝ էսինչ բանի համար 50 հազար, տվել է, հիմա ինքը չգիտի՝ էդ 50 հազարը բենզին է լցրել, թե տվել է էդ մարդուն: Այսինքն՝ ընդհանուր ինչ-որ գործողություններ են արվել», - ասաց Նարինե Սարգսյանը:

Շենգավիթի թաղապետարանի նախկին ճարտարապետ Շահեն Պետրոսյանի փաստաբանն այսօր չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։ Մյուս երկու մեղադրյալների մասին «Ազատությանը» չի հաջողվել մանրամասներ ճշտել։ Երևանի քաղաքապետարանը ևս երեկվանից լռում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG