Մատչելիության հղումներ

Շվեդիայի ասպետական շքանշան՝ ABBA-ի 4 անդամներին


Շվեդական լեգենդար ABBA խումբը 1979 թվականին
Շվեդական լեգենդար ABBA խումբը 1979 թվականին

Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը որոշել է ABBA աշխարհահռչակ փոփ խմբի չորս անդամներին շնորհել Վասայի ասպետական շքանշան, որն անցած կես դարում ոչ մեկին չէր շնորհվել և համարվել էր «սառեցված»:

Չորս կատարողներ Բենի Անդերսոնին, Աննի-Ֆրիդա Ռոյսին (Լինգստադ), Բյորն Ուլվաուսին և Ագնետա Ֆելտսկոգին ասպետական շքանշաններով պարգևատրելու որոշումը հրապարակվել է թագավորական տան պաշտոնական հաղորդագրությունում: Շքանշանները հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 31-ին։

Շվեդիայում ասպետության շքանշանի թեկնածուներն առաջադրվում են հանրության կողմից։ Առաջարկները քննարկում և որոշումներ է կայացնում Նորին Մեծության գրասենյակին կից հատուկ խորհուրդը: Պարգևատրման որոշումը պետք է ստանա կառավարության հավանությունը և դրանից հետո հաստատվի թագավորի հրամանագրով:

Վասայի շքանշանը Շվեդիայի ասպետության չորս շքանշաններից մեկն է՝ Սրի, Հյուսիսային աստղի և Սերաֆիմների շքանշանների հետ մեկտեղ: Այն հիմնադրվել է 1772 թվականին Գուստավ 3-րդ թագավորի կողմից և շնորհվել է շվեդներին առևտրի, արվեստի, գյուղատնտեսության և գիտության բնագավառներում հայրենիքին մատուցած ծառայության համար: Առաջիններից շքանշանը ստացել են նկարիչ Գուստաֆ Լունդբերգը և քիմիկոս Յոհան Գոտշալկ Վալերիուսը։

Այնուամենայնիվ, 1974 թվականին Շվեդիայի իշխանությունները որոշել են, որ թագավորական շքանշանները պետք է շնորհվեն միայն թագավորական տան անդամների, ինչպես նաև այն օտարերկրացիներին, ովքեր Շվեդիային հատուկ ծառայություններ են մատուցել: Շվեդիայի քաղաքացիներին շքանշաններ չշնորհելու որոշումը բացատրվել է նրանց հավասարությունն ապահովելու համար։ 1975 թվականից ի վեր Վասայի շքանշան չէր շնորհվել:

Կարլ 16-րդ Գուստավի գահակալության մեկնարկը համընկավ ամբողջ աշխարհում ABBA-ի ժողովրդականության աննախադեպ բարձրացման հետ։ 1976 թվականի հունիսին ABBA-ն հեռուստատեսային եթերում կատարել է Dancing Queen երգը՝ Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավի և ապագա թագուհի Սիլվիա Սոմերլատի հարսանիքից առաջ։ 2022 թվականի մայիսին Կարլ 16-րդ Գուստավը և թագուհի Սիլվիան Լոնդոնում ներկա են եղել հանրահայտ շվեդական քառյակի նոր՝ ABBA Voyage ծրագրի պրեմիերային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG