Մատչելիության հղումներ

Վարչապետը Գյումրիում մոտ հինգ ժամ փակ հանդիպումներ անցկացրեց


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Փաշինյանն այսօր Գյումրիում մոտ հինգ ժամ դռնփակ հանդիպումներ անցկացրեց. նախ՝ Տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, որտեղ տնտեսության թեմայով դասախոսություն կարդաց, ապա Գյումրիի տեխնոպարկում կուսակցականների հետ ժողով արեց։

Ի՞նչ օրակարգով էր կուսակցական ժողովը, «Ազատություն»-ը հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից։

«Ինչպես գիտեք, նախ և առաջ էս հանդիպումները, մեր մարզային նիստերը, նախաձեռնող նիստերը պարբերական բնույթ են կրում, ու հանրապետության գրեթե բոլոր մարզերում արդեն եղել ենք, երեք մարզ է մնացել՝ մյուս երեք մարզերում էլ էս ֆորմատով կուսակցական նիստ ենք անելու անպայման», - ասաց Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Նման նիստերի ժամանակ հիմնականում գաղափարական բնույթի հարցեր ենք քննարկում, ու շատ դեպքերում նաև վարչապետի ելույթներից հատվածներ հրակարակվում են, ու հնարավորություն է լինում, որպեսզի մեր հանրությունը նաև լսի այդ ելույթները»:

Ապրիլի 5-ի հանդիպումից սպասումներն ու ակնկալիքները միանշանակ դրական են

Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպում, որի օրակարգից շատ բան հայտնի չէ, միայն հաղորդվել է, թե քննարկվելու են եռակողմ համագործակցության ուղիները, նաև՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու հարցեր։ Ալեքսանյանը առաջիկա հանդիպման մասին շատ փակագծեր չցանկացավ բացել։

«Եթե թույլ կտաք, իրականում, էս հարցը բաց թողնենք: Բայց միանշանակ է, որ մենք, բնականաբար, շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերային հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ու, բնականաբար, մեր սպասումներն ու ակնկալիքները միանշանակ դրական են: Սա կարող եմ ասել, սրանից ավել, եթե թույլ տաք, ես չպատասխանեմ», - նշեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է վերականգնվի Խորհրդային Միության գոյություն ունեցած սահմանը»

Այս օրերին ամենաքննարկվող հարցը Տավուշում հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղերի վերադարձն է։ Վարչապետ հասավ նաև սահմանային գյուղեր՝ տեղացիներին ասաց, որ Հայաստանը պատրաստ է այդ հատվածից սկսել Ադրբեջանի հետ սահմանազատումը, ու դա անում են պատերազմ թույլ չտալու համար։ Ի՞նչ է փոխանցել այսօր Փաշինյանը կուսակիցներին:

«Էդ հարցերը, բնականաբար, ևս քննարկվում են, այո: Բայց սա էլ շատ կարևոր է, որպեսզի մենք մեր խոսքում էլ շատ ավելի զգույշ փորձենք արտահայտվել, որովհետև ես, օրինակ, տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեդիայում, որ որոշ արկածախնդիրներ գնացել ու փորձում են մարդկանց համոզել, թե իբր Ոսկեպարի մասին է խոսքը, այնինչ Ասկիպարա գյուղի մասին է խոսքը, որը փաստացի նման գյուղ՝ Հայաստանի վարչատարածքային միավոր որպես երբեք չի եղել: Ու շատ հաճախ ասում են՝ Հայաստանից ինչ-որ չորս գյուղ է հանձնում, սրան ի պատասխան ասում ենք՝ կներեք, էլի, էդ չորս գյուղերի հողային բալանսը մի հատ կադաստրում ցույց տվեք, կամ, չգիտեմ, էդ գյուղերի գյուղապետի անունն ասեք», - ընդգծեց Ալեքսանյանը և հավելեց. - «Ու նմանատիպ մանիպուլյացիաները շատ են, բայց ինքն էլ, բնականաբար, շատ նուրբ հարց է, ու էստեղ էլ պետք է հարցին նրբորեն մոտենալ: Ու, բնականաբար, մեր մոտեցումն էն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է վերականգնվի Խորհրդային Միության գոյություն ունեցած սահմանը, ու Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան դեմարկացված ու դելիմիտացված սահման»:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նաև դեկտեմբերին էր Գյումրիում կուսակցական փակ ժողով անցկացրել։ Այսօր վարչապետին հարց ուղղելու հնարավորություն չեղավ, ոստիկանական ուժեր էին կենտրոնացած թե՛ Տնտեսագիտական համալսարանի, թե՛ Գյումրիի տեխնոպարկի տարածքում։ Սկզբում նույնիսկ փողոցից այն կողմ նկարահանելը փորձեցին արգելել, իսկ փողոցն անցնել ու շենքերին մոտենալ անվտանգության աշխատակիցները պարզապես թույլ չէին տալիս։

XS
SM
MD
LG