Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իրավապահները պնդում են ահաբեկչություն կանխելու մասին


Բահրուզ Ասքերով, Ասլան Ղուրբանով (սքրինշոթ Trend-ի էջից)
Բահրուզ Ասքերով, Ասլան Ղուրբանով (սքրինշոթ Trend-ի էջից)

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն իշխանամետ լրատվական գործակալությանը՝ Trend-ին հայտնել է երկրում ահաբեկչական խոշոր գործողություններ ծրագրող անձանց բացահայտելու և ձերբակալելու մասին: Լուրը տարածել են նաև բոլոր մնացած իշխանամետ լրատվամիջոցները:

Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ հետաքննության ընթացքում ձեռք են բերվել արժանահավատ ապացույցներ առ այն, որ Բահրուզ Ասքերովը՝ մի խումբ այլ անձանց հետ շփումներ հաստատելով, ծրագրել է ահաբեկչություններ:

Այդ անձը ծնվել է 1988 թվականին, Ադրբեջանի քաղաքացի է, տևական ժամանակ բնակվել է Ռուսաստանում՝ Մուրմանսկի շրջանում:

Նրա ծրագրած գործողությունների նպատակն էր, ըստ ուժայինների, ապակայունացնել ներքին իրավիճակը և խուճապ առաջացնել բնակիչների շրջանում, ինչը պետք է ազդեցություն գործեր Ադրբեջանի պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների որոշումների վրա: Ծրագրված, սակայն կասեցված գործողությունները պետք է ուղեկցվեին մարդկանց սպանություններով և սոցիալապես վտանգավոր այլ հանցանքներով:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տարածել է նրա հարցաքննության տեսահոլովակը: Ենթադրյալ դավադիրներից է նաև ոմն Ասլան Ղուրբանովն, ով նույնպես հարցաքննվել է:

Ուժայինները պնդում են, թե Ասքերովը գաղտնի կապ է հաստատել հանրապետության տարբեր շրջաններում ապրող մարդկանց հետ, ովքեր պետք է իր հրահանգներին ենթարկվելով՝ սպանեին Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Թալեշ Գարախովին:

Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է նաև մեկ հատված Ասքերովի հեռախոսազրույցից, որի ընթացքում կասկածյալը ենթադրաբար քննարկում է ծրագրվող ահաբեկչության հետ կապված հարցեր:

Պարզվել է նաև, որ Ասկերովն իր հավաքագրած անձանց հրահանգել է դավադրություն իրականացնել Ադրբեջանում անգլերեն դասավանդող մի օտարերկրյա քաղաքացու դեմ։

Ասքերովը ձերբակալվել է, նրան ներկայացրել են մեղադրանք Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածով՝ ահաբեկչության նախապատրաստում: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ուժայինները պնդում են նաև, թե Ասքերովը մտադիր էր օտարերկրյա պետության տարածքում կազմակերպել ռազմական ուսուցում, որին պետք է մասնակցեին իր կողմից հավաքագրված անձինք, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ ծրագիրը խափանվել է: Ուժայինները չեն նշում, թե որ երկրում պետք է տեղի ունենար այդ ենթադրյալ վարժանքը:

Trend գործակալության փոխանցմամբ, այս պահին ձեռնարկվում են բազմակողմանի քննչական և օպերատիվ գործողություններ՝ քրեական գործի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG