Մատչելիության հղումներ

Ոսկեպարցիները սպասում են լուծումների, ոչ թե հյուրերի. գյուղում ծանր տրամադրություն է


Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին Ադրբեջանի հետ շփման գծի անմիջական հարևանությամբ է։ Այս օրերին սահմանի եկեղեցին շատերի համար է ուխտավայր դարձել, ներսում նաև ծիսական պարագաներ կան՝ Ծաղկազարդի ճյուղեր, որ հավանաբար երեկվանից են մնացել:

Ովքեր են այս ճյուղերը հաջողացրել եկեղեցի հասցնել: Գյուղում պատմում են՝ երեկ եկեղեցու մուտքը հսկել են ոստիկանները: Անհնազանդներին նույնիսկ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունք:

«Այդտեղ ուզեցել են մոմ վառել, և առավոտից ոստիկանական շղթան արգելում էր, որ նաև Ծաղկազարդի տոնն էր երեկ, ոստիկանությունը արգելել էր ներս մտնել։ Այնտեղ մի փոքր միջադեպ է տեղի ունեցել։ Ասել են՝ մենք միշտ եկել և այստեղ մոմ ենք վառել։ Խնդիրն ինչո՞ւմն է, որ չեք թողնում, ոստիկանները որևէ բացատրություն չէին տվել, հետո արդեն լեզվակռիվ էր տեղի ունեցել, միջադեպ, բազմաթիվ մարդիկ բերման էին ենթարկվել», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ այդ մարդիկ «Մարտական եղբայրություն» կազմակերպության հետ կապ չեն ունեցել, նրանց հրաձգարանը Վերին Ոսկեպարի հատվածում է: Ոսկեպարի համայնքապետը հարցազրույցից հրաժարվեց, բայց հաստատեց՝ «Մարտական եղբայրության» անդամները պարբերաբար վարժանքներ են անցկացրել ոսկեպարցիների հետ:

Երեկ էլ նրանք այստեղ պարապմունքներ էին պլանավորել, բայց գյուղ հասավ մի քանի հոգի, 49 հոգի բերման էր ենթարկվել Ոսկեպար չհասած, 22-ը Նոյեմբերյանի բաժնում էին։

«Այնտեղ և «Մարտական եղբայրությունից» էին, և «Տիգրան Մեծ» ջոկատի նաև հրամանատարն էր այնտեղ, ասացին՝ «Ազատազենից» կան, այսինքն՝ տարբեր խմբեր էին, որոնք եկել էին Ոսկեպար, այսինքն՝ առաջին անգամ չի, որ այդ մարդիկ գալիս են Ոսկեպար, բայց իրենց նկատմամբ այս վերջին շրջանում շատ կոշտ նաև գործիքակազմ է կիրառվում», - նշեց Գառնիկ Դանիելյանը։

«Ազատություն»-ը Ոսկեպարում հանդիպեց տղամարդկանց, որ մասնակցել էին այդ վարժանքներին, գյուղում արդեն մեկ շաբաթ է, մեղմ ասած, ծանր տրամադրություն է: Չորս ոչ անկլավային ադրբեջանական գյուղերի փոխանցումը փակում է Ոսկեպարի ճանապարհը դեպի Նոյեմբերյան ու Իջևան և ադրբեջանցիներին ու ոսկեպարցիներին դիրքավորում մետրերի հեռավորության վրա: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ոսկեպարցիներին այլ որոշում կայացնողներ չեն այցելել: Մարդկանց անորոշությունը խորանում է, զայրացած են և արդեն հրաժարվում են խոսել տեսախցիկի առջև: Առանց տեսախցիկի ասում են այն, ինչ վերջին տասը օրերին՝ Ներքին Ոսկեպարը՝ Աշաղ-Ասկիպարան հանձնելով Ադրբեջանին՝ հայկական Ոսկեպարում ապրել չի լինի: Գյուղն այս օրերին հյուրերի պակաս չունի, գալիս-գնում են, կան նաև եկող -չգնացողներ։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն էր այսօր ութ հոգանոց խմբով Ոսկեպար եկել, ասաց՝ պատրաստ են հոգալ ոսկեպարցիներին աջակցելու եկող մյուսների կեցության ու սննդի ծախսերը: Պետրոսյաննը շեշտում է՝ ոսկեպարցիների ընդվզմանը միանալը համազգային հարց է. - «Մարդիկ պետք է գան հենց այստեղ ու թույլ չտան, որ այդ գործընթացը շարունակվի՝ ամենակարևորը»։

Որքան հասկացանք, ոսկեպարցիները սպասում են ոչ այնքան հյուրերի՝ քաղաքական գործիչներ լինեն, թե լրագրողներ, որքան լուծումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG