Մատչելիության հղումներ

«Կոռուպցիա, հնուց եկած բարքեր». իրավապաշտպաններին ոստիկանությունում հակադարձում են՝ համակարգը բարեփոխվում է


Գետնին տապալելով ու քարշ տալով էին ոստիկաններն անցած շաբաթ ձերբակալում իշխանության կոշտ քննադատներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։ Նրանք մեղադրվում են իրենց յութուբյան հաղորդման ընթացքում իշխանությունների հասցեին անպարկեշտ արտահայտությունների համար, կալանավորվել են:

«Ոստիկանությունը երբեք չի բարեփոխվի, քանի որ գոյություն ունի քաղաքական իշխանություն, որը իր քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդարի համար կամ պատժիչ գործողություններ կատարելու համար օգտագործում է ոստիկանությանը», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ բարեփոխման մասին հայտարարող ոստիկանությունում սովորաբար հենց այս մեթոդներն են կիրառվում ոչ միայն իշխանության քաղաքական հակառակորդների, այլև մյուսների նկատմամբ:

«Երկու օր առաջ այդ հղի կնոջը, երեք մանկահասակ երեխաների հետ տարել են բաժին, այդ ձևով չեն տարել, ինչպես Նարեկ Սամսոնյանին, իհարկե, բայց միջանցքում սպասելիս կնոջ և այդ փոքր երեխաների ներկայությամբ հայհոյանքներ էին հնչեցնում, այդ կինն ինձ զանգահարել է ուղղակի լացելով, նսեմացած, սարսափելի վիճակում», - նշեց Ալեքսանյանը:

Հայհոյանքից բացի քիչ չեն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողները գործադրում են ոտքերն ու ձեռքերը, ինչպես, օրինակ անցած տարի ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժնի արդեն նախկին պետը, երբ հյուրանոցներից մեկում հարվածներ էր հասցրել անչափահաս աշխատակցին։ Եվ եթե այս դեպքում ոստիկանը սեփական դիմումով հեռացել է համակարգից, անցած տարի ոստիկանության Էրեբունու բաժնում անչափահաս տղային և նրա պաշտպաններին բռնության ենթարկած երեք ոստիկանները շարունակում են աշխատել։

«Եթե փաստաբանների նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրում ու դրանից հետո բռնություն են գործադրում, ապա այն քաղաքացին, որն իրավագիտակից չէ ու խոցելի իրավիճակում է ձերբակալված կամ այլ սահմանափակումներով, բնականաբար, խոցելի է լինելու ու իրեն ապահով չի զգալու ոստիկանության բաժնում», - ասաց փաստաբան Մարզպետ Ավագյանը:

Ոստիկանությունում բռնության ենթարկված փաստաբան Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի գործը դատարանում է։ Ավագյանը պատմում է՝ դատախազությունը, որ ըստ օրենքի՝ իրենց հետ նույն կողմում է, չի կիսել տեսակետը, որ անհրաժեշտ է որպես խափանման միջոց ընտրել լիազորությունների կասեցումը։ Չի համոզել նաև քննիչի եզրահանգումը, որ բարձրաստիճան ոստիկանի օգտին իր ենթակաները սուտ ցուցմունքներ են տվել։

«Մենք ունենք իրավիճակ, որ ոչ թե հնարավոր է խոչընդոտվի, ունենք արձանագրված փաստ, որ առերևույթ խոչընդոտվել է վարույթի ընթացքին: Այս պայմաններում խափանման միջոց չընտրելը պաշտոնավարման կասեցման տեսքով ես չեմ կարող մեկնաբանել», - նշեց նա:

Տուժած փաստաբաններին ներկայացնող նրանց գործընկերը՝ Հրանտ Անանյանը պատմում է, որ դատարանի դահլիճում նստելու տեղ չի լինում, Էրեբունու ոստիկանության ծառայողները աշխատանքային ժամերին աշխատելու փոխարեն պարզապես գալիս են աջակցելու իրենց մեղադրյալ գործընկերներին։ Ոստիկանությունը բարեփոխելու կամք փաստաբանը չի տեսնում։

«Անչափահաս ձերբակալվածը հաղորդում ու ցուցմունք էր տալիս հենց այդ ոստիկանության աշխատողների դեմ, ու իրենք շատ լարված էին այդ պահին, իրենց մոտ այնպիսի վիճակ էր, որ օպերգծով տեղակալն ու քրեականի պետը բան ու գործը թողած եկել էին ու կողքի աշխատասենյակում հետևում էին՝ ինչ է այնտեղ կատարվում», - նշեց Անանյանը:

«Անբարեկիրթ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում»

Բարեփոխումների ընթացքից ու որակից դժգոհ են նաև դրանց մշակմանը մասնակցած իրավապաշտպանները։ Նրանք անցած տարի դուրս եկան բարեփոխումների հանձնաժողովից։

«Իրենք ուզում են դեկորատիվ փոփոխություններ, իրենք ուզում են նոր ավտոներ, իրենք ուզում են բարձր աշխատավարձեր, բայց բովանդակային փոփոխություն, խորքային փոփոխություն իրենք չեն ուզում», - ասաց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը:

Մտածելակերպ, կոռուպցիա, հնուց եկած բարքեր, սա բարեփոխումների խորհրդի նախկին անդամ, իրավապաշտպան Իոաննիսյանի գնահատականն է։ Ի՞նչ կարող է շարքային քաղաքացին տեսնել այդ համակարգում. ըստ իրավապաշտպանի՝ անբարեկիրթ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում:

«Ոստիկանությունն ամենահետամնաց կառույցներից է այս առումով: Ամեն տեսակի պատրվակ հորինելով, ժամերով ձգելով, որ հոգնի գնա, քաղաքացուն, եթե օտարերկրացի է, ասել՝ թարգմանիչ չունենք, թողնի գնա, քաղաքացուն ասելով, որ երևի հանցագործություն չի եղել, աչքիդ է երևացել», - նշեց Իոաննիսյանը:

Ոստիկանությունում չեն հերքում խնդիրները։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասում է՝ եթե խնդիր չտեսնեին, բարեփոխումները պարզապես չէին մեկնարկի։

«Մեր տրամաբանությունը նաև այն է, որ համանման երևույթները առհասարակ բացառվեն ոստիկանության համակարգում ինստիտուցիոնալ առումով, այսինքն ընդհանուր առմամբ չունենանք նմանատիպ դեպքերի արձանագրում, բայց նման իրավիճակներից, բնականաբար, խուսափել չենք կարող, որովհետև կարող են լինել եզակի դեպքեր, երբ որ անձինք ենթարկվեն տարբեր խախտումների դեպքում տարբեր խնդիրների և այլն: Այս տեսանկյունից կարծում եմ, որ մեր հետևողական աշխատանքը կօգնի վեր հանելու բոլոր դեպքերն ու նաև ինստիտուցիոնալ լուծումներ նախատեսելու տրամաբանության մեջ հասնել նրան, որ համակարգային առումով նմանատիպ խնդիրներ գոնե մեր քաղաքացիները չեն արձանագրի», - ընդգծեց Սարգսյանը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2022 և 2023 թվականներին բռնությունների և խոշտանգումների համար 10 ոստիկանի է մեղադրանք առաջադրվել, կասեցվել է 4 ծառայողների պաշտոնավարումը։ 10 մեղադրյալ ոստիկաններից 3-ը ավագ, 5-ը միջին, 2-ը կրտսեր խմբի ծառայողներ են։

XS
SM
MD
LG