Մատչելիության հղումներ

Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի մեղադրանքները


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

Այդ մեղադրանքները, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են»:

Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը <...> վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անթույլատրելի է համարում «Հայաստանին լայնորեն վերազինող և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող» Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը:

«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) կազմակերպիչ պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված և մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից», - նաև հայտարարում է Բաքուն:

Ստեֆան Սեժուրնեն երեկ Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, մասնավորապես, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

XS
SM
MD
LG