Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Բաքվի պնդումը, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ նշելով. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել»։

Ադրբեջանական կողմը մասնավորապես նշել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն այսօր ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զինատեսակներից կրակել են Նախիջևանի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շաբաթ օրը հայտնել է, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: Պաշտոնական Երևանը կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG