Մատչելիության հղումներ

Գրողների, նկարիչների միություններն ու պետությունը դատարանում կհանդիպեն թանկարժեք շենքերի հարցով


Գրողների և նկարիչների միությունների շենքերը
Գրողների և նկարիչների միությունների շենքերը

Գրողներն ու նկարիչները պատրաստվում են դատարանում վիճարկել իրենց միությունների շենքերը պետականացնելու Դատախազության հայցերը։

«Անհիմն եմ տեսնում դատախազության հայցը բխող բոլոր իրավական հետևանքներով», - ասաց Գրողների միության փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ հավելեց. -«Այդ շենքերը, ըստ մեզ, պետության սեփականություն չեն հանդիսացել»։

Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել Գրողների միության և Նկարիչների միության Երևանում ու մարզերում գտնվող շենքերը պետությունը վերադարձնելու պահանջով։ Իրավապահները պնդում են՝ այդ շենքերը պետական են դարձել Հայաստանի սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքով ու կառավարության առանձին որոշմամբ, բայց մասնավորեցվել առանց պետության համաձայնության։

Ինչո՞ւ հիմա պետությունը որոշեց զբաղվել միությունների մի քանի միլիոն դոլար արժեցող շենքերով՝ դատախազությունը չի հստակեցնում։ Գրողների ու նկարիչների միությունների շահերը պաշտպանող փաստաբանները մինչև այդ պնդում են՝ շենքերն օրինական են սեփականաշնորհվել:

Ըստ Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ եթե օրենքով միության շենքերը պետությանն են անցել, ապա պետությունն ինքը պետք է իր սեփականությունը ճանաչեր դրանց նկատմամբ: Փաստաբանի պնդմամբ՝ դա չի արվել. պետությունը սեփականության վկայական չի գրանցել ու չի ներկայացրել 90-ականներին գործող սեփականաշնորհման նախարարություն։ Շեշտում է՝ կառավարության որոշումն է պահանջել դա։

«Սրա անունով ևս մեկ անգամ ֆիքսվում է, որ պետությունը՝ պետական որևէ մարմին չի համարել, որ այս շենքը հանդիսանում է պետական», - ասաց նա։

Արդյոք Նկարիչներն ու գրողները զրկվելու են իրենց պատկանող շենքերից, հարցն իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանն Ազգային ժողովում բարձրացրեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ ո՛չ նկարիչները, ո՛չ գրողները դրսում չեն հայտնվի։

«Հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից», - ասաց նա։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG