Մատչելիության հղումներ

Bloomberg. «Իրանի հարվածները Իսրայելին անխուսափելի են»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունենում մահմեդականների Ռամադան սրբազան ամսվա ավարտի կապակցությամբ, Թեհրան, 10-ը ապրիլի, 2024թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունենում մահմեդականների Ռամադան սրբազան ամսվա ավարտի կապակցությամբ, Թեհրան, 10-ը ապրիլի, 2024թ.

«Իրանի և դրա դաշնակիցների հարվածները Իսրայելին անխուսափելի են», - մի շարք արևմտյան ուժային աղբյուրներ վկայակոչելով գրում է Bloomberg-ը՝ պնդելով, որ դրանք կիրականացվեն արդեն առաջիկա օրերին։

Ամերիկյան պարբերականի պնդմամբ՝ Իրանն ու Մերձավոր Արևելքում Թեհրանի դաշնակից կառույցները կարող են հարվածել Իսրայելի տարածքում գտնվող ռազմական թիրախներին և պետական հիմնարկությունների շենքերին։ «Այդ հարվածների ընթացքում կարող են անօդաչու թռչող սարքեր և բարձր ճշգրտության հրթիռներ կիրառվել», - պնդում են Bloomberg-ի աղբյուրները՝ հավելելով, որ պաշտոնական Թեհրանը Իսրայելին հարվածելու սկզբունքային որոշումն արդեն իսկ կայացրել է։ «Անորոշությունը վերաբերում է ոչ թե հարվածների հավանականությանը, այլ՝ դրանց ժամկետներին», - նշել է ամերիկյան ուժային կառույցներից մեկի անանուն մնալ ցանկացած մի ներկայացուցիչ։

Իրանի իշխանություններն այս պնդումները չեն հերքում։ Ավելի, Թեհրանում հատուկ ընդգծում են՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը ապրիլի 2-ին հասցված հարվածից հետո, որի հետևանքով երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մի խումբ սպաներ զոհվեցին, լեգիտիմ պատասխանի համար անհրաժեշտ բոլոր հիմքերն այլևս առկա են։

«Այս կամ այն երկրի դեսպանատներն ու հյուպատոսությունները տվյալ պետության տարածք են համարվում։ Երբ իսրայելցիները գրոհեցին մեր հյուպատոսության շենքը, դա նույնն էր, եթե նրանք հարված հասցնեին Իրանի տարածքին։ Սա միջազգային իրավունքի նորմերից մեկն է։ Սիոնիստական ռեժիմը, սակայն, այդ քայլով լուրջ սխալ գործեց։ Դրա համար այն պետք է պատժվի և հաստատ պատժվելու է», - երեկ Թեհրանում հայտարարում էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Չնայած Գազայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Իսրայելի կառավարության հետ առկա տարաձայնություններին, Վաշինգտոնը հայտարարում է, որ Իրանի հարցում Նեթանյահուի կառավարությանը աներկբա աջակցություն կցուցաբերի։

«Ես ասել եմ վարչապետ Նեթանյահուին, որ Իրանի և դրա դաշնակիցների սպառնալիքներին դիմադրելու հարցում մենք հավատարիմ ենք Իսրայելի առջև ստանձնած մեր պարտավորություններին։ Կրկնում եմ՝ դրանք անսասան պարտավորություններ են։ Մենք պատրաստ ենք անել մեր կարողությունների առավելագույնը Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի քան հավանական թվացող իրանական հարվածների շեմին Իսրայել է ժամանում Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Էրիկ Կուրիլան։ Պենտագոնում, այդուհանդերձ, հրաժարվել են այցի մանրամասները փոխանցել լրատվամիջոցներին՝ «օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով»։

«Իսրայելական իշխանությունները շարունակում են պնդել, որ իրանական հարվածները ներկա հակամարտությունը կարող են միանգամայն նոր մակարդակ տեղափոխել», - գրում է Axios կայքը՝ նշելով, որ դեռ անցած շաբաթ Նեթանյահուի կառավարությունը Վաշինգտոնին զգուշացրել է՝ եթե հարվածները իրականացվեն անմիջականորեն Իրանի տարածքից, ապա պատասխանը համարժեք կլինի։ Երեկ X-ի իր օգտահաշվում նույնատիպ գրառում էր կատարել Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG