Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը չի աշխատել՝ չնայած Երևանի հրամանին


Անվտանգության հարցերն ու հայ-ռուսական հարաբերությունները այսօր կարմիր թելի պես անցան Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների, նրանց պատասխանող իշխանականների, ապա վերջում վարչապետի ելույթում։

Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի համար

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ անվտանգության մարտահրավերների առումով Հայաստանը փակուղային իրավիճակում է հայտնվել իշխանությունների վարած քաղաքականության, կրավորական կեցվածքի, վարչապետի նշած իրական Հայաստանի սահմանները պաշտպանելու փոխարեն նրա շուրջ օղակը սեղմելու պատճառով։

Ըստ Օհանյանի, ստեղծված իրավիճակի պատճառներից է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը՝ կրկին իշխանության մեղքով։

«Թուրքիայից և Ադրբեջանից բացի ո՛չ Արևմուտքը՝ Եվրոպան, ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանն ու Հնդկաստանը, ո՛չ Վրաստանը մեր թշնամիները չեն, բայց գետնի վրա տարածաշրջանում մեզ դաշնակից են Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը: Ու այս խնդիրներում եթե կան պրոբլեմներ, հարաբերություններում եթե կան խնդիրներ, դա պետք է վերածել ոչ թե հրապարակային փոխհրաձգության, այլ գնալ ու կոնկրետ լուծել», - ասաց Օհանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս քննադատեց իշխանությանը հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի համար, պնդեց ինքը տեսնում է հնարավորություն զարգացնելու ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները:

«Անվստահությունը երկրի անվտանգային համակարգի նկատմամբ ու միջազգային զսպման գործիքների բացակայությունը լավագույնս բնորոշում են մեր երկրի իրական վիճակը բոլոր հարթություններում: Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը, երկխոսությունը մեզ համար կարող է հնարավորությունների լայն դաշտ բացել», - ընդգծեց Աբրահամյանը:

«Մեր բակում Հայաստանը կտոր-կտոր հանձնողին ոչ միայն ասում են, այլև անում». Կյուրեղյանն արձագանքում է Միրզոյանին

Գրեթե 7 ժամ տևած Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիրները 10-ից ավելի ելույթների ընթացքում շոշափեցին նաև այլ թեմաներ՝ ակադեմիական քաղաքից մինչև պրոֆեսիոնալ բանակի կառուցում, ինչպես նաև արձագանք եղավ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երեկվա խոսքերին։

Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել էր նախարար Միրզոյանին, ասելով, որ նախորդ օրվա փակ քննարկումից հետո ընդդիմադիրներից մեկն ասել է, որ Միրզոյանը շատ վախեցած էր և խնդրեց մեկնաբանել։ Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշել էր. - «Իրականում այն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս։ Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետև հարիր չեմ համարում խորհրդարանին»։

Այսօր արդեն Միրզոյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը. - «Պարոն Միրզոյան, մեր բակում և ոչ միայն մեր բակում, իրական Հայաստանում իշխանությունը պահելու համար պատմական Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնողին ոչ միայն ասում են, այլ նաև անում, համոզված եղեք»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Երեք ուսումնական ձեռնարկների հեղինակ գիտաշխատող, դոցենք, այսինքն, դասախոս, իր ասելով, ազգային, ընտանեկան արժեքների համար պայքարի դիրքերից հանդես եկող կին, երեք զավակի մայր Արմենուհի Կյուրեղյանը գալիս է այս ամբիոն ասում է՝ մեր բակում ոչ միայ ն ասում են, այլև անում են, ի՞նչ»:

«Դեպք է եղել, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել»

Վարչապետ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում շարունակեց երեկվա իրական ու պատմական Հայաստանի թեման. - «Մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից, դրանում է հայեցակարգային մեր բանավեճը»:

Ելույթի երկրորդ հատվածում արդեն Փաշինյանը պատասխանեց ընդդիմադիրների քննադատությանը, որոնցից մի քանիսը հայտարարել էին՝ իշխող ուժը Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի։

«Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են, էս կողմ, էդ չե՞ք նկատել: Բա, որ բերում էին թղթերը մեզ ասում էին՝ «դուք սենց ասեք», հետո իրանք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քվեարկում, բա էս ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք ընդհակառակը՝ ուզում ենք Հայաստանը հանենք այդ մրցակցությունից, ասենք՝ մի րոպե, ընկերներ, էստեղ երկիր կա, էստեղ կառավարություն կա, էստեղ ժողովուրդ կա, էստեղ տեսլական կա», - նշեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական ու հատկապես ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին քննադատությանը, թե ինչո՞ւ է իշխանությունը թղթի վրա գրել, որ պետք է զարգացնի ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, բայց անում է հակառակը։

«Եթե ՀԱՊԿ-ը ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում..., դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են: Հիմա ասում եք՝ «լավ քաղաքականություն վարեիք, որ տենց չլիներ ՀԱՊԿ-ի հետ ու Ռուսաստանի հետ», ճիշտ եք ասում, բա դուք էնքան լավ քաղաքականություն վարեիք, որ 2016 թվականի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն փաթեթը, որը ժողովուրդը թյուրիմացաբար «Լավրովի պլան» է անվանում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը անդրադրաձավ նաև Արցախը մենակ թողնելու մասին քննադատությանը՝ հիշեցնելով, որ 2020-23 թվականներին Լեռնային Ղարաբաղը ստացել է 538 միլիարդ դրամի աջակցություն, դահլիճից հնչած հարցին, թե ո՞ւր է այդ գումարը, Փաշինյանը արձագանքեց՝ հարցրեք ձեր ընտրած իշխանությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG