Մատչելիության հղումներ

Գյումրիում ապրող ռուսներին «դատախազության աշխատակից» են ներկայացել ու թմրանյութի պատրվակով համոզել գնալ ոստիկանություն


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Օրերս մի միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում ապաստանած երկու ռուսների ու երկու մարդու միջև, որոնք ներկայացել են որպես դատախազության աշխատակից։ Տղամարդը, որի անունը ու դեմքը «Ազատություն»-ը չի բացահայտում անվտանգության նկատառումներով, պատմեց՝ երեկոյան ընկերոջ հետ խանութից է վերադառնալիս եղել և երբ փորձել է տան դուռը բացել, իրենց երկու հոգի են մոտեցել։

«Նրանք չհստակեցրին, թե որ դատախազության աշխատակից են, պարզապես ասացին՝ դատախազության ու վկայական ցույց տվեցին, բայց այնքան արագ, որ չհասցնենք տեսնել, թե ինչ էր գրված։ Դրանից հետո ասացին, որ մեզ կասկածում են թմրանյութ թաքցնելու համար, և պետք է իրենց հետ գնանք ոստիկանության բաժանմունք», - ասաց նա։

Այս միջադեպից մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էր տեղեկացրել, որ ահազանգեր է ստացել Երևանում ու Գյումրիում բնակվող ռուսներից։ Նրանք պատմել էին, թե իրենց պարբերաբար հետևում են ռուսական զինվորական համազգեստով անձինք։ Ռուսները իրավապաշտպաններին ասել էին, որ հաճախ են կասկածելի անձանց նկատում իրենց տների մոտ, իմանում, որ հարցուփորձ են արել իրենց մասին։

Գյումրիում ապրող «Ազատության» զրուցակիցը պատմեց՝ մաքուր ռուսերենով խոսող տղամարդկանց առաջարկել է գնալ մոտակայքում գտնվող ոստիկանության Կումայրիի բաժին. - «Նրանք հրաժարվեցին, պահանջեցին, որ իրենց հետ գնանք, ինչպես իրենք ասացին, ոստիկանության այն բաժինը, որը գտնվում է 8-րդ զինվորական թաղամասում։ Մենք ասացինք, որ ոչ մի տեղ չենք գնա»։

Ութերորդ զինվորական թաղամասի հարևանությամբ ռուսական 102-րդ ռազմաբազան է տեղակայված։ Վեճը, ըստ ռուս ռելոկանտի, երկար ժամանակ հենց այս հարցի շուրջ է ծավալվել, անծանոթները պնդել են, որ զինվորական թաղամասի բաժին գնան։ Ի վերջո որոշել են ոտքով գնալ ոստիկանության Կումայրիի բաժնի կողմը, և դատախազության աշխատակից ներկայացած անձինք որոշ ժամանակ անց հեռացել են. - «Նրանք որոշ ժամանակ մեր հետևից եկան, հետո մեր հետևից բղավեցին, թե ամեն ինչ կարգին է, ու հեռացան»։

Ընկերը հասցրել է լուսանկարել իրենց մոտեցած անծանոթներին. - «Իմ հարևանը նկարներն ուղարկեց իր ծանոթին, ով կապ ունի 102-րդ բազայի հետ, և նա որոշ ժամանակ անց հայտնեց, որ նրանցից մեկը 102-րդ բազայի դիպուկահար է։

«Ազատության» զրուցակիցն ասում է՝ իրենց համար այդպես էլ անհայտ է՝ ովքեր էին փորձում իրենց բերման ենթարկել, ընդգծեց՝ ինքը զինծառայող չէ և չի էլ եղել, ոչ էլ ծանուցում է ստացել։ Հարցին՝ գուցե ակցիաների է՞ մասնակցել, նա պատասխանեց. - «Այնպիսի ակցիաների, ինչպիսին օրինակ՝ «Կեսօրը Պուտինի դեմ», այո մասնակցել եմ, բայց այնպիսի հատուկ ակցիաների, որի ժամանակ ոստիկանների հետ ընդհարում է եղել, չեմ մասնակցել»։

102-րդ ռազմաբազան, իր կարծիքով, վտանգավոր է Գյումրիում ապաստանած ռուսաստանցիների համար. - «Հիմա ես ինձ հանգիստ չեմ զգում փողոցում։ Չգիտեմ՝ ուզում են, որ մենք վախենանք, թե ավելի շուտ ուզում են մեզ վերադարձնել Ռուսաստան ու օգտագործել պատերազմի համար»։

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ այս դեպքի մասին հաղորդում ստացել են, այժմ ստուգում են։

Լրացում- Դատախազության աշխատակից ներկայացած անձինք կապ չունեն դատախազության հետ, «Ազատությանը» փոխանցեցին գերատեսչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG