Մատչելիության հղումներ

Ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը՝ շարունակում ենք փոխգործակցությունը. Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում։

«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և հատկապես աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ, - ասել է վարչապետը՝ շարունակելով, - Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, դա, ըստ նրա, կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի:

Այսօր հաղորդվեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ապրիլի 15-ին Հայաստան կատարելիք այցի մասին։ Այցի նախաշեմին «Արմենպրես»-ի հետ զրույցում նա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գնահատել է որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։

Իր հարցազրույցում վարչապետ Փաշինյանն, իր հերթին, նաև ասել է, որ բազմակողմ հարթակներում երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով։

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում», - շեշտել է Հայաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG