Մատչելիության հղումներ

Տոկմակում ուկրաինացիների գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ. Բալիցկի


Ուկրաինայի բանակի՝ Տոկմակի վրա կատարած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, երկու մարդ համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտարարել է ռուսների կողմից Զապորոժիեի շրջանի նահանգապետ նշանակված Եվգենի Բալիցկին։

«Տոկմակում Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի»,- գրել է Բալիցկին Telegram ալիքում։

Նրա փոխանցմամբ, փրկարարները փլատակներից դուրս են բերել մի երեխայի և մի չափահասի դիեր։ Մաքրման և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։

Այսօր ավելի վաղ ուկրաինական զինված ուժերի հրետակոծության արդյունքում Զապորոժիեի շրջանի Տոկմակում մասամբ ավերվել է հինգ բնակելի շենք, այդ թվում՝ մեկ մասնավոր։ Հրթիռակոծությունից հետո հրդեհներ են բռնկվել առանձնատանը և երեք երկհարկանի տներում: Կրակը մարվել է: Վնասվել են տների պատուհանները և մուտքերը:

Նախորդ գիշեր ևս ուկրաինական զինված ուժերը հրթիռային համակարգերով հարվածներ են հասցրել Տոկմակին: 10 զոհերի թվում կա 2 երեխա, զոհերից բացի, կան առնվազն 13 վիրավորներ:

  • Զապորոժիեի շրջանի Տոկմակ քաղաքը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ։ Զապորոժիեի շրջանի մի մասը պատերազմի սկզբում օկուպացված էր Ռուսաստանի կողմից, սակայն շրջկենտրոն Զապորոժիեն մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ։
  • 2022 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զապորոժիեի շրջանը Ռուսաստանին միացնելու հրամանագիր է ստորագրել: Այս որոշումը միջազգային համայնքի ճնշող մեծամասնությունը չի ճանաչում։
  • 2023 թվականի մարտին Մոսկվան օկուպացված Զապորոժիեի շրջկենտրոնի կարգավիճակ է տրամադրել Մելիտոպոլ ավանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG