Մատչելիության հղումներ

«Show must go on». Տավուշից պատասխանում են վարչապետին


Տավուշի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Ոսկեպարում, 13-ը ապրիլի, 2024թ.
Տավուշի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Ոսկեպարում, 13-ը ապրիլի, 2024թ.

Այսօր սահմանամերձ Ոսկեպարում հավաք էր։ Գյուղի կենտրոնում ելույթ ունեցող հասարակական - քաղաքական գործիչներն ու հոգևորականները դեմ արտահայտվեցին, որ 90-ականներից հայկական վերահսկողության տակ անցած գյուղերը վերադարձվեն Ադրբեջանին՝ առանց անվտանգային երաշխիքների։

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը գյուղացիների անունից հայտարարեց՝ ոչ են ասում միակողմանի զիջումներին։ Կոչ արեց փաստաթղթերում պաշտոնապես ամրագրել եղած շփման գիծը։

«Ասում եմ ոսկեպարցիների անունից, որ ոսկեպարցին ոչ է ասել միակողմանի զիջման, չի լինելու նման բան։ Ոսկեպարցին ոչ է ասում իր տան շեմքով գիծ տանելուն, սահմանը չի լինելու նրա բակով», - ասաց Իշխան Աղբալյանը։

Տավուշի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իր ելույթն սկսեց հայտնի ռոք խմբի «Show must go on» երգի ուղեկցությամբ:

«Սա նվեր է, հիշատակի նվեր, որ show must go on, և այդ ստանդարտը, ինչպես ասել եմ, չարի դեմ է, ստի», - ասաց նա։

Սա պատասխանն էր օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարության, թե հոգևորականները Ոսկեպարի եկեղեցում «շոու-պատարագ» են անում։

Տարբեր հոգևորականներ վերջին օրերին տեսանյութեր են հրապարակել, որոնք վկայում են, որ 2017-ին Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին բարեկարգվել է, ու դրանից հետո պարբերաբար պատարագներ ու եկեղեցական արարողություններ են տեղի ունեցել։

Տավուշի հոգևոր առաջնորդը քննադատական խոսք ուղղեց իշխանություններին։ Նշեց՝ 2021-ի ընտրություններին վարչապետը հանդիպել է ոսկեպարցիներին ու որևէ խոսք չի ասել, թե հնարավոր է՝ գյուղի հարակից տարածքները, այդ թվում՝ միջպետական ճանապարհն անցնի Ադրբեջանին։

«Անցել է ընդամենը երեք տարի, այս շենքում մարտի 18-ին նույն մարդը եկել և ասել է՝ դուք ձեր գործն արեցի՞ք, ես էլ իմ գործն եմ անում, այս տարածքները պիտի հանձնվեն, եթե ոչ, պատերազմ կլինի, եթե հանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի, եթե չհանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Հիմա սա սո՞ւտ է, կեղծի՞ք է, խաբերությո՞ւն, թե՞ ոչ», - հայտարարեց Բագրատ սրբազանը։

Անցած ամիս ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել էր՝ առանց գյուղացիների որոշումներ չընդունել, անգամ նշել էր, թե սահմանազատման միջպետական հանձնաժողովում կընդգրկվեն ներկայացուցիչներ Տավուշի սահմանային գյուղերից։

Տավուշի թեմի առաջնորդի կարծիքով՝ իշխանությունները դա անում են պատասխանատվությունն իրենցից հեռացնելու և հնարավոր վատ հետևանքների մեղքը բնակիչների վրա գցելու համար։

«Վաղը, մյուս օրը ինչ-որ ձևով լուծում եղավ հարցի, և մենք ասացինք, որ սա անընդունելի է, ասելու են՝ դուք արեցիք՝ գյուղացիները, ներգրավել էինք իրենց։ Պատասխանատվությունն այդ գյուղացիների վրա է լինելու, ուրիշ ոչ մեկի։ Եթե չհամաձայնվեն, օրինակ, և չերաշխավորած կամ երաշխավորած այլևս պատերազմ եկավ մեր ժողովրդի գլխին, ասելու են՝ էլի դուք արեցիք», - ասաց նա։

Ոսկեպարի վարչական ղեկավարն այսօր «Ազատության»-ն ասաց՝ լսել է՝ իրեն էլ են ընդգրկելու սահմանազատման հանձնաժողովում, բայց հստակ պայմանավորվածություն այդ մասին դեռ չի եղել։ Ասաց՝ համագյուղացիների հետ կխորհրդակցի՝ համաձայնի՞ լինել հանձնաժողովում, թե՞ ոչ։

Մարտին վարչապետը ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր գնալ, քննարկել գյուղացիների պնդումներն ու վերադառնալ պատասխաններով։

Անցած շաբաթ ոսկեպարցիները ուղերձ էին հղել ու հայտարարել, թե մեկ շաբաթ ժամանակ են տալիս երկրի ղեկավարին պատասխաններով գյուղ այցելելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը Տավուշ նորից դեռ չի գնացել։

XS
SM
MD
LG