Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահը ստորագրել է ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենքը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, արխիվ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, արխիվ:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենքը, որն ուղղված է կանանց իրավունքների պաշտպանությանը և երեխաների անվտանգության ապահովմանը։

Օրենքը քրեական պատիժներ է նախատեսում անձին ծեծի ենթարկելու և թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար: Հիմնական օրենսդրական նորամուծությունները ներառում են ընտանեկան բռնության քրեականացում, երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերի համար ավելի խիստ պատիժներ և ընտանեկան բռնության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարք:

Անձին ծեծի ենթարկելու համար սահմանվում է մինչև 658 դոլարին համարժեք տուգանք, մինչև 80 ժամ հանրօգուտ պարտադիր աշխատանք կամ ընդհուպ 25 օր կալանք:

Մինչ այդ տուգանքները և կալանքը չեն գերազանցել 123 դոլարին համարժեք գումար և 15 օրը։

Եթե այդ բռնի գործողությունները կատարվել են առանձնակի դաժանությամբ անչափահասի, կամ ծառայողական գործունեություն իրականացնող, կամ մասնագիտական կամ հասարակական պարտականություններ կատարող անձի նկատմամբ, ապա կարող է կիրառվել ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։

Նոր օրենքը Ղազախստանում առաջին անգամ վարչական պատասխանատվություն է սահմանում անչափահասին հալածելու, այդ թվում՝ համացանցում նման հանցանք կատարելու համար:

Ընդունված օրենքը նախատեսում է նաև մանկապղծության համար ցմահ ազատազրկում։

Փաստաթուղթը 5-ից 9 տարվա ազատազրկում է ենթադրում անձին ինքնասպանության դրդելու համար։ Ինքնասպանության գաղափարը քարոզելու համար սահմանվում է 1500 դոլարին համարժեք չափով տուգանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG