Մատչելիության հղումներ

Նախարարը չի բացառում Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերազրկելու հնարավորությունը


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների փակման թեմային՝ մի քանի անգամ շեշտեց՝ հայկական կողմն այդ հարցով կառուցողական է տրամադրված։

Հայրապետյանը, սակայն, կրկին նշեց՝ չի բացառում Հայաստանում ռուսական ալիքները եթերազրկելու հնարավորությունը։ Սա այն դեպքում, երբ Մոսկվայից չարձագանքեն հայկական կողմի՝ երկկողմ համաձայնագրում փոփոխություններ անելու առաջարկին։

Ըստ նախարարի՝ Երևանը Մոսկվային այս շաբաթ կփոխանցի զանգվածային հաղորդակցության ոլորտի երկկողմ համաձայնագրում հայկական կողմի առաջարկվող խմբագրումները։ Հայրապետյանն ասաց՝ չգիտի, թե երբ կարձագանքեն Մոսկվայից։

Մինչ այդ արդյո՞ք նախարարությունը պատրաստվում է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակելուց հետո ռուսական այլ հաղորդումներ էլ եթերազրկել։

«Ցանկանում ենք ուղղակի լուծել հարցը հիմնարար կերպով՝ փաստաթղթով, համաձայնագրի տեսքով, որպեսզի երբևէ մենք առիթ չունենանք սրան անդրադառնալու՝ ո՛չ դուք, ոչ՛ ես, ո՛չ մեր քաղաքացիներն իրենց էներգիան չվատնեն՝ այս թեմայի վրա ծախսելով», - ասաց Հայրապետյանը:

Երկու շաբաթ առաջ էլ Երևանը հայտնեց՝ եթերազրկում է Կրեմլի հայտնի խոսափողներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները։ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները, ըստ Երևանի, խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։ Փաստաթղթի 5-րդ հոդվածով, մասնավորապես, ամրագրված է՝ հեռարձակվող ալիքներում պետք է բացառվի կողմերի ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությունը։

XS
SM
MD
LG