Մատչելիության հղումներ

«Խոլերան, քարավանն ու շները». ավագանու էմոցիոնալ նիստը հունից հանեց նաև Ավինյանին


«Մայր Հայաստան»-ի փեշերից կախվելը հաց ու ջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլարեն մի օր բոլոր կառավարական կաբինետներից մաքրվելու ա», - քաղաքապետարանում կրքերը միանգամից բորբոքվեցին, երբ ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այս արտահայտությունից հետո նաև հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է երևանյան գերեզմանատները կառավարող ՊՈԱԿ-ը դեռ ժամանակավոր պաշտոնակատարը ղեկավարում, ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվում։

Հարցին տեղից արձագանքեց իշխանական կոալիցիայի անդամ, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը, թե գերեզմանների ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը շարունակում է աշխատել, որ՝ «քեզ տեղ տա»։ «Մայր Հայաստան»-ի ղեկավարը մինչ այդ նաև հայտնի արտահայտությունը հիշեց՝ «շունը հաչում է, քարավանը շարունակում է իր ճանապարհը»։

Այս վիճաբանությունը հունից հանեց քաղաքապետ Ավինյանին, ընդդիմադիրներն էլ հորդորեցին նրան նկատողություն հայտարարել նաև Անի Խաչատրյանին: Ընդդիմադիրների պնդումներից հետո Ավինյանը նկատողություն արեց նաև Խաչատրյանին, բայց դիմեց խնդրանքով. - «Տիկին Խաչատրյան, շատ եմ խնդրում, Դուք էլ կոռեկտության սահմանները պահեք»:

Պակաս էմոցիոնալ չէր նաև ծառահատումներին վերաբերող քննարկումը։ Երբ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն ընթերցեց օտարերկրացի մասնագետների գրավոր եզրակացությունները, թե Երևանում ծառահատումները ոչ պրոֆեսիոնալ են արվում, քաղաքապետը հիշեցրեց՝ նույն Վարդանյանը, երբ 4 տարի առաջ կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօրենն էր, ինքն էր հայտարարել, թե թեղիները կորցրել են իրենց կենսունակությունը։

Վարդանյանն իր այդ պնդումից ետ չի կանգնում, ուղղակի ճշգրտում է՝ դա բոլոր թեղիներին չի վերաբերել:

Շաբաթներ առաջ քաղաքապետարանի դիմաց ծառահատումների դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ Ավինյանին խոստացել էին գիտական եզրակացություն ներկայացնել, որը կապացուցի, որ առողջ ծառեր են հատել: Վարդանյանն ասաց՝ դրանք այսօր կհանձնեն Ավինյանին:

Կանաչապտման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը շարունակում է պնդել՝ Երևանի թեղիները տնկվել են նախորդ դարի 40-50-ականներին, արդեն առողջ չեն, իսկ Վարդանյանի նշած մասնագետների գրավոր պատասխանին այսպես արձագանքեց. - «Էս Կազանից, էն մյուսը Փարիզից, ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք, որ Փարիզում այլ կլիմա է, Կազանում այլ կլիմա է, այնտեղի գիտնականը միգուցե կարծիք հայտնի՝ իրենց մոտ թեղիները հարմար լինեն, չի կարող կարծիք հայտնել Երևանի համար, Երևանի համար կարծիք հայտնողը պիտի լինի Երևանի գիտնականը»:

Երևանում շուրջ 120 հազար թեղի կա, ըստ ծառերի փոխարինման ծրագրի, դրանք կհատվեն աստիճանաբար։ Այս տարի 300-ն է հատվել։

XS
SM
MD
LG