Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել


Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։

«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», - հայտարարում էր Օրուջը։

Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատգամավորի՝ Վարդենիսի շրջանում ծնված Սահիբ Ալիևի քննադատության թիրախում այսօր Հայ Առաքելական եկեղեցին էր, որն, ըստ իշխանամետ խորհրդարանականի, «փորձում է խափանել սահմանազատման գործընթացը»։ Ադրբեջանցի պատգամավորը նույնիսկ հասավ այնտեղ, որ այսօրվա իր ելույթում Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանեց։

«Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում դիմադրում են Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձին: Այդ առաքելությունը դրվել է Հայ եկեղեցու վրա, որը կրկին գործի է դնում հին ավանդույթները», - հայտարարում էր Ալիևը՝ չմոռանալով հիշատակել նաև Տավուշի թեմի առաջնորդի անունը:

Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովի խոսքով էլ՝ հայերը ոչ միայն ընդդիմանում են սահմանազատման գործընթացին, այլև փորձում են, իր բնորոշմամբ, Շուշիի կորստի վրեժը լուծել Ադրբեջանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանում հրահրելու միջոցով։

«Այսօր ամերիկացի կոնգրեսականը կամ ֆրանսիացի պատգամավորը, որն ի վիճակի չէ քարտեզի վրա Ադրբեջանը ցույց տալ, հանկարծ սկսել են ճանաչել, ասենք, ադրբեջանցի դատավորներին ու պահանջում են նրանց դեմ պատժամիջոցներ կիրառել», - հայտարարում էր Նովրուզովը՝ պնդելով, թե հայերից բացի Ադրբեջանի դեմ են աշխատում նաև Արևմուտքից ֆինանսավորվող ադրբեջանցի լրագրողներն ու ընդդիմությունը, մասնավորաբար՝ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, որին պատգամավորը «տիկ-տոկեր» էր անվանում։

Միլի մեջլիսի այսօրվա նիստի ընթացքում քննարկված թեմաներից ևս մեկը Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբիի երեկ Շուշի կատարած այցն էր: Ադրբեջանցի պատգամավորներն անթաքույց գոհունակություն էին հայտնում, որ աշխարհի թիվ մեկ գերտերության դեսպանն առաջին անգամ այցելել է 2020 թվականին Բաքվի վերահսկողության տակ անցած այս քաղաք:

Պատգամավոր Սահիբ Ալիևն, օրինակ, վստահ էր, թե Լիբբին Շուշի է ուղևորվել Վաշինգտոնի, մասնավորաբար՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ճնշման հետևանքով:

«Պենտագոնում տեղյակ են տարածաշրջանում Ադրբեջանի դերակատարության մասին, ինչպես նաև գիտեն, որ Ղարաբաղը Կոսովոյի վերածելն անհնարին է», - հայտարարում էր պատգամավորը:

Բաքվում ԱՄՆ դեսպանը Շուշի էր ժամանել նախօրեին՝ այցի ավարտին Ջդրդուզ կոչվող վայրում ուղերձ տեսագրելով:

«Ես այնքան ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ: Մենք այս այցը նախապատրաստում էինք շուրջ երկու ամիս, և ես ուրախ եմ, որ այն ի վերջո իրականություն դարձավ: Այս այցը և քաղաքի զարգացումը սեփական աչքերով տեսնելու հնարավորությունը ինձ շատ է տպավորել», - հայտարարում էր ԱՄՆ դեսպանը:

Լիբբիի այցը գուցե այսքան մեծ աղմուկ չառաջացներ, եթե դրանից ընդամենը երեք օր առաջ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նա հայտարարած չլիներ, թե Լեռնային Ղարաբաղ կամ հարակից տարածքներ մեկնելու մտադրություն առայժմ չունի: «Հասկանալի է, որ վերադարձված տարածքները մյուսներից տարբերվում են: Այստեղ շատ ավելի մեծ կոորդինացիա է հարկավոր, բացի այդ՝ ես չեմ ցանկանում որևէ մեկի կազմակերպած շոուի մաս դառնալ որևէ տեղ մեկնելով», - հայտարարում էր ԱՄՆ դեսպանը:

XS
SM
MD
LG