Մատչելիության հղումներ

«Օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ». Փաշինյանը մեղադրում է, Վանեցյանը՝ հակադարձում


Վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, մարտ, 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, մարտ, 2019թ.

«Օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են և ընդհուպ կատարել և կատարում են կոնկրետ հանձնարարություններ», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյո՞ք իրավապահները քննության առարկա կդարձնեն վարչապետի այսօրվա ուղիղ մեղադրանքները, թե սահմանազատումը դադարեցնելու պահանջ դնող քաղաքացիներին աջակցում են դրսի ուժերը, որոնց նպատակը պետության լուծարումն է։

Դատախազությունը չի մեկնաբանում Փաշինյանի այս և գործակալական ցանցերի մասին հայտարարությունները, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Թեմային, սակայն, օրերս խորհրդարանում անդրադարձել էր գլխավոր դատախազը: Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էր հետաքրքրվել՝ իշխանությունը պարբերաբար հայտարարում է երրորդ երկրների կողմից հեղաշրջում կազմակերպելու փորձերի մասին, արդյո՞ք կան մեղադրյալներ:

«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բազմաթիվ անգամներ նշել է, որ երրորդ երկրները փորձել են Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում իրականացնել: Խնդրում եմ նշել՝ արդյոք կա՞ն քրեական գործեր», - հարցրել էր Խաչատրյանը:

«Ձեր նշած քաղաքական հայտարարությունների հիմքով վարույթ չունենք», - հարցին արձագանքել էր Աննա Վարդապետյանը:

Մինչ դատախազը քաղաքական է որակում նման հայտարարությունները, իսկ արդեն յոթ ամիս գործող Արտաքին հետախուզական ծառայությունն էլ հրապարակային որևէ հայտարարություն չի արել այս մասին, վարչապետ Փաշինյանն այսօր մեղադրանքների հետ մեկտեղ մեկ մարդու անուն տվեց՝ իր իսկ կաբինետի նախկին անդամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանինը. - «Արթուր Վանեցյանի մասին եմ ասում, ո՞ւմ մասին եմ ասում, էդքան փակ ե՞մ խոսում»:

Փաշինյանն այսօր խոսում էր Արթուր Վանեցյանի ու այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ 2018-ի սեպտեմբերին համացանցում հայտնված հեռախոսազրույցի մասին։ Պնդեց՝ այդ ձայնագրությունը կատարել է օտարերկրյա հատուկ ծառայությունը, թե որ երկրի՝ չմանրամասնեց, ընդ որում՝ ասաց՝ մի մասը հրապարակվել է, մյուսը՝ ոչ։ «Մարտի 1»-ի գործը քննող կառուցների ղեկավարները խոսում էին այդ ժամանակ առանցքային մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտությունից։

«Իսկ ձայնագրության մյուս մասը օգտագործվել ա այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար», - այսօր հայտարարեց Փաշինյանը:

Նման ուղիղ մեղադրանքներ ներկայացրած վարչապետը, սակայն, մի քանի րոպե անց խոստովանեց, որ բավարար ապացույցներ չկան գործակալներին բացահայտելու համար:

«Երբ որ կա կասկած, կասկածը ստուգվում է, երբ որ կասկածը հիմնավորող փաստերն են ի հայտ գալիս, արդեն աշխատանք է տարվում ապացուցման շեմի մասին: Էսօր չի հատվել դեռևս ապացուցման շեմը, վաղը կհատվի, երբ որ կհատվի, դր մասին կիմանան բոլորը», - ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ մոտ մեկուկես տարի հենց գործակալներին բացահայտելու պարտականություն ունեցող կառույցը ղեկավարած Արթուր Վանեցյանը «բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտության նյութ հանդիսացող հորինվածք» է որակել վարչապետի մեղադրանքը և պնդել՝ նա փորձում է օրակարգ շեղել։

Գործակալների, հինգերորդ շարասյան, ընդդիմադիր ուժերի՝ արտաքին ուժերի կողմից ղեկավարվելու պնդումներ իշխանության ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի է անում են։ Անցած տարվա ասուլիսում էլ Փաշինյանն ասել էր, թե հայկական կողմը պատերազմում պարտվեց, որովհետև բանակում հինգերորդ շարասյուն էր գործում։ Այս հայտարարությանը ևս իրավապահներն ընթացք չտվեցին։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցնում է՝ եթե նման վտանգ կա, ապա ո՞ւր են քրեական գործերը: «Իսկ իրա ո՞ր ասածի մեջ է ճշմարտություն եղել: Հիմա ինքը հաղորդում ա ներկայացնում, ասում ա՝ երկրում գործում ա գործակալական ցանց: Կամ պիտի ապացուցի, փաստեր ներկայացնի, կամ էլ սուտ մատնություն ա», - նշեց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով. - «Փաշինյանը և իր կուսակցությունը էությամբ Սովետական Միություն է. Սովետական Միությունն էլ, Ստալինն էլ, ում՝ ցանկացած քաղաքական ընդդիմադիր, ընդդիմախոսի որ դատարանում դատապարտում էր, հայտարարում էր, որ օտարերկրյա գործակալ ա: Ստալինն էլ, Փաշինյանն էլ դրանով փորձում են ցույց տային, որ ժողովուրդը հաշտ ու խաղաղ է և սիրում է իշխանություններին, և միայն գործակալներն են փորձում երկրում իրավիճակը լարել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծում է՝ եթե վարչապետի ու մյուս իշխանականների հայտարարություններին չեն հետևում քրեական գործերը, ուրեմն իշխանությունը դրանով պարզապես փորձում է վարկաբեկել, հեղինակազրկել իր քաղաքական ընդդիմախոսներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG