Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանան


Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, 7-ը հոկտեմբերի, 2023թ․
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, 7-ը հոկտեմբերի, 2023թ․

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, այսօր հայտարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին:

«2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասաց, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման կարիք այլևս չկա, հետևաբար նախագահ Պուտինը համաձայնեց, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվեց», - «Ինտերֆաքս»-ին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «նույնպես հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմաններին և կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները»:

Ռուս սահմանապահները Տավուշում ու Սյունիքում նոր հենակետեր դրեցին 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առանց մանդատի ու պայմանագրի:

Ապրիլի 20-ին Փաշինյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, փաստացի առաջին անգամ ակնարկեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։ «… սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել էր նա:

Իսկ օդանավակայանից ռուսներին հանելը ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

Վարչապետն էլ մարտի 12-ին՝ ասուլիսի ժամանակ, նշեց․ - «Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք»։

Մոսկվան արձագանքել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG