Մատչելիության հղումներ

Արցունքաբեր գազ, ծեծված ընդդիմադիրներ․ վրացական ոստիկանությունը հերթական բողոքի ցույցը կրկին բիրտ ուժի կիրառմամբ է ցրել


Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործում
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործում

Ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ ու մահակներ, ֆիզիկական ուժ, բռնություն, քաշքշուկ, հրմշտոց, քաոս․ երեկ ուշ երեկոյան Վրաստանի հատուկ ջոկատայինները այս անգամ ավելի կոշտ միջոցների կիրառմամբ ցրեցին խորհրդարանի շենքի մոտ «օտարերկյա գործակալների մասին» օրենքի դեմ հերթական բազմամարդ բողոքի ցույցը։

Դաժան ծեծի են ենթարկվել մի խումբ ցուցարարներ, հաղորդվում է ավելի քան վեց տասնյակ ձերբակալվածի մասին, հոսպիտալացվել է վեց ոստիկան, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել են ավելի քանի մեկ տասնյակ լրագրողներ։

Ըստ հրապարակված տեսանյութերի՝ ուժայինները հրում են ակցիայի մասնակիցներին, գետնին տապալում, ոմանց դեմքին հարվածներ հասցնում։

Բռնությունների է ենթարկվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։ Նա այսօր խորհրդարան եկավ անվասայլակով, վիրակապված դեմքով։

Բռնությունների ենթարկված Լևան Խաբեիշվիլին (լուսանկարի կենտրոնում)
Բռնությունների ենթարկված Լևան Խաբեիշվիլին (լուսանկարի կենտրոնում)

«Այն, ինչ տեսնում եք, Ռուսաստանն է։ Միայն ես չեմ, նրանք ծեծել են երիտասարդներին, այս երեխաներին։ Ի՞նչ ժողովրդավարություն, երբ ծեծում են։ Ես միայն մեկ խնդրանք ունեմ՝ 5 ամիս է մնացել ընտրություններին, մարդավարի խնդրում եմ՝ հետ կանչեք այդ օրենքը։ Եթե հետ չեք կանչում օրենքը, ես կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Մեկ այլ ընդդիմադիր օրենսդրի՝ Ալեկո Էլիսաշվիլիին, ով ըստ հրապարակված տեսանյութի, ձեռքերը վեր պարզած մոտենում է ոստիկանական զորքին, հատուկ ջոկատայինները պարզապես տապալեցին գետնին և մահակներով հարվածներ հասցրին պատգամավորին։

Ծեծի է ենթարկվում Ալեկո Էլիսաշվիլիին
Ծեծի է ենթարկվում Ալեկո Էլիսաշվիլիին

Երեկ Վրաստանի օրենսդիր մարմնում վիճահարույց օրենքի շուրջ քննարկումներին զուգահեռ տեղի ունեցող բողոքի խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել Ներքին գործերի նախարարության հայտարարությունից անմիջապես հետո։ Գերատեսչությունը ցուցարարներից պահանջեց ապաշրջափակել խորհրդարանի ելքերը, գրեթե նույն րոպեներին էլ, ըստ ականատեսների, առանց հստակ նախազգուշացման ուժայինները սկսեցին արցունքաբեր նյութեր կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։

Ոստիկանական գերատեսչությունը պնդում է՝ օմոնը գործել է օրենքի շրջանակներում, ցույցն էլ խաղաղ չէր՝ ցուցարարներին մեղադրելով իրավապահների հետ բանավոր և ֆիզիկական բախման մեջ մտնելու, նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելու մեջ։

Նախագահ Զուրաբիշվիլին խստորեն դատապարտել է

Իշխող ուժի աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությանն ընդդիմացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խստորեն դատապարտել է, իր բնորոշմամբ, ոստիկանական անպատշաճ գործողությունները՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնելով կառավարության վրա։

Չնայած ավելի քան երկու շաբաթ շարունակվող բազմամարդ բողոքի ակցիաներին՝ Վրաստանի իշխող մեծամասնությունը տեղի չի տալիս՝ անշտապ շարունակելով օրենքի երկրորդ ընթերցումը։ Ընդդիմության ընկալմամբ՝ երկրի իշխանությունը նախաձեռնությունը հակառակորդ Ռուսաստանից է արտագրել, նմանօրինակ օրենքի օգնությամբ Պուտինի վարչակազմը գրեթե ամբողջությամբ վերացրել է Ռուսաստանում այլախոհությունը, բանտարկել լրագրողներին, իրավապաշտպաններին։

«Հասարակության յուրաքանչյուր անդամ, ով կողմ է առաջադեմ մտածողությանը, ձգտում է եվրոպական ապագայի, բողոքում է։ Երբ բոլոր գործընկերները պնդում են, որ այս օրենսդրությունը չի համապատասխանում իրենց արժեքներին և ընդամենը ռուսական օրենքի կրկնօրինակն է, ակնհայտ է դառնում, որ եվրոպական ապագայի կողմնակիցները չեն կարող համակերպվել ռուսական գործելակերպին»,- ասել է ցույցի մասնակիցներից Նաթիա Թվալիաշվիլին։

«Վրացական երազանք»-ը, մինչդեռ, հավաստիացնում է, որ ամենևին էլ նպատակ չունի այդ օրենքի օգնությամբ ազատվել ընդդիմադիր ձայներից, այլ պարզապես ցանկանում է թափանցիկ դարձնել ոչ կառավարական հատվածի ֆինանսական հոսքերը՝ ստիպել այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներւն, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, հայտարարագրել իրենց եկամուտները։

«Ռուսական այս օրենքի ընդունումն ուղղակիորեն բացասաբար կանդրադառնա իմ լրատվական կազմակերպության վրա». խմբագիր

Վրացական «Նեթգազետի» լրատվամիջոցի խմբագիր Թազո Կուպրեիշվիլին, սակայն, վստահ է՝ օրենքը շատերին է ստիպելու դադարեցնել գործունեությունը։

«Ռուսական այս օրենքի ընդունումն ուղղակիորեն բացասաբար կանդրադառնա իմ լրատվական կազմակերպության վրա։ Մեր խմբագրությունը հրաժարվում է գրանցվել որպես օտարերկրյա ազդեցության գործակալ: Մենք ձեռնպահ ենք մնում օտարերկրյա շահերի ազդեցության տակ գործունեությամբ զբաղվելուց և ոչ մի դեպքում չենք գրանցվի։ Հետևաբար, ստիպված կլինենք դադարեցնել մեր գործունեությունը կամ այլընտրանքային ուղիներ փնտրել։ Ահա թե ինչու մենք կտրականապես դեմ ենք այս օրենքին», - ասել է նա։

Թբիլիսիի միջազգային գործընկերները՝ Վաշինգտոնից մինչև Բրյուսել, խստորեն դատապարտում են երեկ Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած ոստիկանական բռնությունները, ևս մեկ անգամ նախազգուշացնելով Կոբախիձեի կառավարությանը՝ օրենքն ընդունվելու դեպքում Վրաստանը կարող է չհասնել Եվրամիության անդամակցությանը, որի համար երկիրը պայքարում է շուրջ երկու տասնամյակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG