Մատչելիության հղումներ

Ձնաբուք Հայաստանի ճանապարհներին


Երեկ երեկոյան ձնաբուք է արձանագրվել Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին։

Մասնավորապես, արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի համաձայն, Շենավան - Արագած ավտոճանապարհի առաջին կիլոմետրում բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում` նորածին երեխա, արգելափակվել էին ձնակույտի մեջ: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների եւ գյուղապետի տրամադրած տեխնիկայի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 19 ավտոմեքենա, որտեղ եղել է 60 ուղեւոր:

Ալագյազ - Ծաղկահովիտ ավտոճանապարհի երկրորդ կիլոմետրի հատվածում ձնաբքի մեջ արգելափակվել էր ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 18 ուղեւորի տեղափոխել են Ծաղկահովիտ, 3 ավտոմեքենա վերադարձել է Ալագյազ գյուղ:

Հացառատ - Ծաղկաշեն ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել էր երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով չի կարողացել հասնել կանչի վայր: «Հայջրմուղկոյուղի» ընկերության թրթուրավոր տրակտորի օգնությամբ ավտոմեքենաների ուղեւորները տեղափոխվել են փրկարար ջոկատի մոտ, այնուհետեւ՝ Գավառ քաղաք: Արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերումը կիրականացվի այսօր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ այսօր ժամը 12.15-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են` Արագածոտնի մարզում՝ Սարալանջ, Նիգավան, Ջրամբար, Ալագյազ - Նորաշեն, Ալագյազ - Վարդաբլուր, Երնջատափ - Նորաշեն, Արայի - Վարդենուտ - Արագած ճանապարհահատվածները, Գեղարքունիքի մարզում՝ Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն, Մադինա, Ախպրաձոր, Ծակքար - Ծովասար ճանապարհահատվածները:

Դժվարանցանելի են` Սյունիքի մարզում` Գորիս - Սիսիան (սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով), Արագածոտնի մարզում` Ալագյազ - Նորաշեն ավտոճանապարհները:

Նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG