Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության նոր օրինագիծ կներկայացվի


Հայամետ սենատորներ` Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ Իլինոյսը ներկայացնող հանրապետական, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքը պատրաստվում են այս ամիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւի նախագիծ ներկայացնել ամերիկյան Սենատում։

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, երկու սենատորները օրինագիծը հովանավորելու կոչով դիմել են գործընկերներին։

Ամերիկահայ կազմակերպությունը հայտնում է, որ նախագիծը նման է երկու տարի առաջ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը արժանացած տարբերակին, սակայն ավելացված է Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժման վերաբերյալ կոնվենցիայի հարցով 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարան ԱՄՆ-ի ներկայացրած հայցից մի կարեւոր մեջբերում, ըստ որի` «քրիստոնյաների հետապնդումը հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների եւ լեհերի բնաջնջումը ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներ են»։

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է Մենենդեսի եւ Քըրքի նախաձեռնությունը` ընդգծելով դրա նշանակությունը «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակվող ուրացմանը դեմ հանդիման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG