Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հիասթափված է` նրա առաջարկը պետբյուջեում չի ներառվել


Երեկ ընդունված 2013 թվականի պետբյուջեում կառավարությունն այդպես էլ չի ներառել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար առաջարկված 11 միլիոն դրամի (27.5 հազար դոլար) հավելումը, որը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, անհրաժեշտ էր փակ հաստատություններում խոշտանգումների եւ բռնությունների կանխարգելման համար։

«Այդ սիմվոլիկ հավելումը ծայրահեղ անհրաժեշտ էր թե´ միջազգային պարտավորությունների, եւ թե´ մեր մարդկանց առջեւ պարտավորությունների կատարման համար», - հայտարարում է օմբուդսմենը` ընդգծելով, որ իր հայտը հիմնավոր էր ճանաչվել նաեւ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից։

«Պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանին անհրաժեշտ ֆինանսավորում չապահովելը ոչ միայն չի նպաստում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանը Հայաստանում, այլեւ ակնհայտորեն բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա միջազգային տարբեր ատյաններում», - շեշտում է Կարեն Անդրեասյանը` հայտնելով իր խորին հիասթափությունն ու մտահոգությունը։

«Թե ինչ է նշանակում մեկ տարվա կտրվածքով 11 միլիոն դրամը պետական բյուջեի համար, հավելենք միայն, որ կառավարության աշխատակազմին այս բյուջեով տրվել է 10 անգամ ավելի գումար «Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի եւ համայնքային կարիքների գնահատման հետազոտության» համար։ Այսինքն՝ Պաշտպանի տարեկան բյուջեն 176 միլիոն դրամ է, իսկ նշված հետազոտության բյուջեն՝ 106 միլիոն դրամ, ինչն էլ նշանակում է՝ Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին», - որպես հետգրություն նշում է օմբուդսմենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG