Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն հանդիպել է ձերբակալված դիվերսանտների հետ


Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը
Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը

Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, «բարի կամք դրսևորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնևի 1949 թվականի Կոնվենցիան, իսկ 2002 թվականին, որպես հավելում, նաև քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջև», դիմել է Ղարաբաղի տարածքում ձերբակալված ադրբեջանցիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է, հանդիպումը կայացել է հուլիսի 26-ին: Այդ մասին ասված է նույն օրը հանձնաժողովի տարածած հայտարարությունում:

«Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու և մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, և մեկ ծանր վիրավոր», - ասված է հայտարարությունում: - «Հենվելով ունեցած և արդեն հրապարակված տվյալների վրա՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որևէ մեկին: Հաստատված համարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այդ անձանց թշնամական գործողությունները և հենվելով Ժնևի 4-րդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում նաև «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, միաժամանակ վստահեցնում, որ նրանց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, և հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից»:

Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, հանձնաժողովը պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո ԿԽՄԿ-ի հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում ևս: «ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը և հավաստի տեղեկատվություն ստանալով», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG