Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի համար «որևէ վտանգավոր [արտաքին] զարգացում չկա»՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ վտանգավոր զարգացումներ կան այսօր Հայաստանի համար:
Նալբանդյանը խորհրդարանում մասնակցում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպած փակ քննարկմանը՝ «Արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր խնդիրների շուրջ»:
Քննարկումից հետո թե՛ նախարար Էդվարդ Նալբանդյանը, թե՛ պատգամավորները հրաժարվեցին բացահայտել մոտ ժամուկես տևած քննարկման բովանդակությունը: Խորհրդարանականները միայն նշում էին, որ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:
«Ազատության» աղբյուրների համաձայն, մեկուկես ժամվա ընթացքում արտգործնախարարը պատասխանել է միայն չորս հարցի:
Սարգիս Հարությունյան