Մատչելիության հղումներ

«Հատուկ գործողության հերքումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում է»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արխիվ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին: Հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժի ուղղաթիռի խոցման և անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

«Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի շուրջ ձևավորած փակուղուց։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությունը և իրականացված հատուկ գործողության հերքումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ինչպես նաև զոհված հակառակորդի նկատմամբ բարոյապղծման ևս մեկ վառ օրինակ։ Այս հարցով Ադրբեջանի սանձազերծած ապատեղեկատվական արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների կատարման անկարողության կոծկում ադրբեջանական զինուժի կողմից», - հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG