Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի» ներկայացուցիչներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը ողջունել է տասնվեց երկրից Հայաստան ժամանած մոտ հիսուն երիտասարդներին, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են կազմակերպության խորհրդի հավաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Կազմակերպության նախագահ Խավիեր Հուրտադո Միրան հանդիպման ժամանակ բանաձևը փոխանցել է Հայաստանի նախագահին:

«Վաղը, երբ դուք կլինեք ղեկավարներ, հիշե՛ք, որ Երևանում ընդունել եք շատ կարևոր բանաձև և հավատարի՛մ մնացեք ձեր համոզմունքին»,- երիտասարդներին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը ցավով է նշել, որ աշխարհում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ նման հանցագործությունների վտանգ դեռևս գոյություն ունի, և դրա դեմ պայքարն այսօր էլ արդիական է:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանի եվրոպական օրակարգին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին, դրանք համատեղ հաղթահարելու հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:

Եվրոպացի երիտասարդներին այսօր ընդունել են նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG